Tert.am-ը գրում է.

«Մետաքսի ճանապարհով» առաջին երթուղու գործարկման մասին լուրը՝ Չինաստանից Վրաստան՝ Ղազախստանով և Ադրբեջանով, ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան իրականություն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ կան շահագրգիռ կողմեր, որոնք շտապում են «Մետաքսի ճանապարհի» գործարկումը առանց Հայաստանի տեսնել և դրա համար էլ նման հայտարարություններ են անում:


«Այդուհանդերձ, վատթարագույն սցենարի դեպքում, եթե վաղվանից հսկայական շարասյուներ էլ Չինաստանից հասնեն Վրաստան, միևնույնն է՝ Հայաստան-Իրան երկաթուղին իր արդիականությունը չի կարող կորցնել, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է, որը Պարսից ծոցը կապելու է Սև ծովի հետ: Հետևաբար, ցանկացած պահի, երբ կգործարկվի այդ երկաթուղին, մյուս բոլոր ծրագրերը կկորցնեն իրենց արդիականությունը»,-ասաց նա:


Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ չպետք է դադարեցնել ջանքերը՝ ծրագիրը իրականացնելու շուրջ, բնականոն գործընթացը պետք է առաջ գնա, առանց ուշադրություն դարձնելու այս կամ այն կողմի հայտարարություններին:

«Մենք պետք է մեր օրակարգը սահմանենք ինքներս, առանց նայելու, թե Ադրբեջանը ինչ օրակարգ ունի, կամ Թուրքիան ու մյուս երկրներն ինչ օրակարգ ունեն: Անշուշտ, խոչընդոտներ ու դժվարություններ կան, բայց ոչ մի բան հեշտությամբ չի տրվում, առավել ևս մեր տարածաշրջանի համար գլոբալ նշանակություն ունեցող ծրագրերը»,-ասաց նա:

Խոսելով Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացման շահագրգիռ կողմերի մասին՝ Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ ընդամենը ամիսներ առաջ չինական կողմն էր հետարքրքություն ցուցաբերել, և արդեն որոշ կազմակերպություններ ուսումնասիրում են ծրագիրը։

«Նաև աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների հետևանքով, կարծում եմ, ռուսական կողմը ևս կարող է մասնակից լինել, իսկ նրա մասնակցությունը չափազանց կարևոր կլիներ: Բնական է, որ տարածաշրջանում այս հարցում ունենք դաշնակիցներ և երկրներ, որոնք ցանկանում են, որ Հայաստանի շրջափակումը շարունակվի: Դրանք են՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, ակտիվությանը, աշխատանքներին ու շարունակենք ջանքերը: Ի վերջո, աշխարհում 3.5 մլրդ դոլարը անլուծելի խնդիր չէ, և հնարավոր է դոնոր գտնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ծրագրի շուրջ քննարկումները սկսվել են 2008թ-ից, սակայն դեռևս որևէ արդյունք չկա, և աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին հնարավո՞ր է՝ ինչ-որ բան փոխվի նաև այս ուղղությամբ, իրանագետը նշեց, որ տարածաշրջանում կայուն երկրներ ըստ էության շատ քիչ են մնացել. Իրանը դրանցից մեկն է, որին ելք է անհրաժեշտ դեպի արտաքին աշխարհ՝ հյուսիս, Եվրոպա և այլ ուղղություններ:

«Դեպի հյուսիս ու Եվրոպա Իրանի ելքը հնարավոր է միայն Հայաստանով, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի վրա հույս դնելը անիմաստ բան է: Իսկ Հայաստանը իր գործընկերների նկատմամբ միշտ վարել է հավասարակշիռ քաղաքականություն, չի մատնվել ժամանակի հոսանքներին և իր դիրքորոշումներում մշտապես եղել է վստահելի գործընկեր թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել