ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը |
Ի զարմանս մեզ` ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել մեզ՝ կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում:
Սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսևորմանը: Եվ անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեքսուալ կյանքը:
Կանայք, ովքեր տարիներ առաջ չգիտեին՝ ինչ է հոգեսեքսուալ բավարարվածության զգացումը, այժմ, ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ, սկսել են վերաիմաստավորել և կարևորել անձնական սեռական կյանքը և հատկապես հոգեսեքսուալ բավարարվածություն ստանալու կոմպոնենտը: Երկար տարիներ ձևացնելով, թե իբր ինքը սեռական հաճույք է ստանում (սեռական հաճույքի իմիտացիա), կինը ի վերջո... հոգնում է խաբեությունից և որոշում է դիմել սեքսոլոգի օգնությանը, լրջորեն լուծել սեռական խնդիրը և վայելել իսկական բավարարվածություն:
Հաճախակի են դարձել զույգերի այցելությունները, որոնց մոտ առաջացել են նոր պահանջներ սեռական կյանքի որակական հատկանիշների շուրջ: Այսօր մեզ են դիմում այնպիսի պահանջներով, ինչպիսիք են` սեքսոլոգի օգնությամբ հարստացնել ընտանեկան սեռական կյանքը, լայնացնել էրոգեն գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, շաբլոն ստերեոտիպային սեռական կյանքը փոխարինել խաղային-էրոտիկ և նորություններով լի սեքսուալությամբ, որը նրանց կարծիքով կամրապնդի ընտանիքի սեքսուալ ներդաշնակությունը:
Այս մոտեցումը ողջունելի է, քանի որ բարձրաձայնելով խնդիրը` հնարավորություն է ստեղծվում խնդրին լուծում տալու, եթե ոչ` ինքնուրույն, ապա մասնագետի օգնությամբ: Զույգերի այս տեսակ ժամանակակից մոտեցումները միանգամայն արդարացված են և ամուր հող են նախապատրաստում ընտանիքում միմյանց համար միշտ գրավիչ և ցանկալի լինելու համար: