ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր ընդունել է հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների ծնողներին: Երեկ ցմահ դատապարտյալների ծնողները հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց ու ընդունելություն էին պահանջում: Ծնողներից մեկի հետ հեռախոսազրույցից հետո Հովհաննես Սահակյանը ցուցարարներին խոստացել էր ընդունել նրանց:
Tert.am-ը Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ հանդիպե՞լ է արդյոք ցուցարարների հետ: Պատգամավորը դրական պատասխան տվեց՝ հաղորդելով, որ ցմահ դատապարտյալների ծնողներն իրենց հետ բերել էին տասը կետից բաղկացած նամակ:
«Նամակի մի շարք կետեր վերաբերում են դատական համակարգին, մի շարք կետեր վերաբերում են քրեական օրենսգրքին, որի նոր նախագիծն ի դեպ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված, հայեցակարգն ընդունված է: Մի քանի մոտեցումներ կան, որոնք քննարկման առումով ժամանակ են պահանջում, այս հարցում էլ կփորձենք կարճ ժամանակում լուծում գտնել»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ այցի առանցքային նպատակը հետևյալն էր՝ այցելել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին և համոզել նրանց դադարեցնել հացադուլը: «Ես ընդունել եմ առաջարկը, վաղն իսկ այցելելու եմ նրանց՝ զրուցելու, որ դադարեցնեն հացադուլը»,- հավելեց Հ. Սահակյանը:
Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորը ասաց, որ որպես բարելավում շրջանառության մեջ է դրված տեսակցության ժամերի ավելացման մասին նախագիծը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/22/Hovhannes-sahakyan/1881501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



