Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ինչպես լրագրողներին հայտնեց Վ.Շիրխանյանի  պաշտպան Տ.Տեր-Եսայանը՝ Վ.Շիրխանյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին։

Փաստաբանի ներկայացմամբ՝  Շիրխանյանը ցուցմունք տվել է կասկածյալի կարգավիճակում , ինչը եղել է բնակարանի խուզարկությունից հետո։ Ցուցմունքը կրել է առավելապես ճանաչողական բնույթ եւ   պատասխանել է  քննիչի այն հարցերին, թե հանցավոր խմբի անդամներից ում է ճանաչում , որի ժամանակ նշել է 2-3 անձի մասին։

Պաշտպանը  նշեց, որ Շիրխանյանը ճանաչել է Արթուր Վարդանյանին, ում հետ նրան ծանոթացրել են  Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցնառումների ժամանակ։

Ըստ Տիգրան Տեր-Եսայանի՝  նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել այս փուլում Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ «Որոշ հարցեր կան պարզելու։ Բնականաբար ընթացքում մենք կծանոթանանք։  Մենք պատրաստվում ենք մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը եւ բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասել է փաստաբանը  դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին։

Ի դեպ, Խուզարկության ժամանակ Շիրխանյանի բնակարանից առգրավվել են համակարգիչներ (հին եւ նոր), նոթատետր, երկու որսորդական հրացան եւ 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ փաստաբանի, առկա են եղել։  Վերջինիս ներկայացմամբ՝ Շիրխանյանի համար անսպասելի է եղել իր ձերբակալությունը. խմբին նոյեմբերին են ձերբակալել,  իսկ նրան դեկտեմբեր ամսին եւ հիմա էլ մեղադրանք է առաջադրվել ու կալանավորման հարց բարձրացվել։

Այդուհանդերձ՝ փաստաբանն արձանագրեց, որ դատավարական խախտումներ չեն արձանագրվել եւ նախաքննական մարմնի կողմից ՔԴՕ-ի պահանջները պահպանվել են։ Նա տեղեկացրեց, որ Շիրխանյանն ունի առողջական խնդիրներ եւ  միջոցներ ձեռնարկվում են, որ նա գտնվի համապատասխան բժշկական հսկողության ներքո։

Այս գործով կալանավորվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին հայտարարեց զինված խմբի վնասազերծման մասին., իրացնելով օպերատիվ տվյալները ԱԱԾ-ն պարզել է, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ  քաղաքացիների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել