GalaTV.am-ը գրում է․
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, կարծիք հայտնեց, թե ընդհանուր առմամբ կարեւորում է նմանատիպ հանդիպումները, որոնք հնարավորություն տալիս են ինչ-որ չափով սահմանին խաղաղություն ու կայունություն ապահովել, բայց եւ վստահ չէ, որ հակառակորդը սադրիչ գործողություններ չի ձեռնարկի.
«Իհարկե կայունությունը դա համեմատական կարգով կարելի է ասել, եւ այնուամենայնիվ այս խաղաղությունն ու կայունությունը շատ ավելի նախընտրելի են, քան լայնածավալ պատերազմը, եւ այս հարաբերական խաղաղության ու կայունության պահպանման համատեքստում շատ կարեւոր է այսպիսի հանդիպումները, որտեղ նաեւ գերտերությունները իրենց ներկայացվածությամբ՝ Մինսկի խմբի համանախագահության տեսակետից կրկին ցույց են տալիս, ընդգծում են իրենց կարծիքը, քաղաքականությունը, որ հիմնական շեշտը խաղաղ կարգավորումն է:
Դժբախտաբար կարծում եմ, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իրեն բնորոշ ահաբեկչական գործունեությունից, բայց այնուամենայնիվ, լայնածավալ պատերազմում ինքը ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից արտոնություն»,-նշեց Դ. Բաբայանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Սարգսյան-Ալիեւ, ինչպես նաեւ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների հետ հանդիպումները գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմական գործողություններն են կանխում, ու փորձը ցույց է տալիս, որ խախտումներն ու դեպքերը սահմանին շարունակվում են: Այս առումով Դ. Բաբայանի կարծիքով՝ կարեւոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից մեծացվի ճնշումն ադրբեջանական կողմի նկատմամբ.
«Պետք է ավելի հետեւողական լինի Մինսկի խմբի համանախագահությունը, որպեսզի պրակտիկայում կիրառի մի փաթեթ քայլերի ու գործողությունների, որոնք թույլ կտան վերահսկել ու դիտարկել խախտումներն ավելի բարձր մակարդակով՝ ավելի հագեցված ձեւով, որից հետո հնարավոր կլինի պատասխանատվության կանչել ցանկացած կողմին, որը կխախտի հրադադարի ռեժիմը: Հաշվի առնելով, որ խախտողը ադրբեջանական բանակն է, հետեւաբար, նույն Ադրբեջանը պետք է կրի համապատասխան պատասխանատվություն:
Բայց ինչ անենք, այլընտրանքը լինելու է ցեղասպանությունը, թույլ տանք նոր ցեղասպանությու՞ն, մենք պետք է լինենք պատրաստ, ցանկացած կորուստ յուրաքանչյուրիս կորուստն է, բայց այլընտրանք չկա, սա մեր երկիրն է մեր հայրենիքն է»,-եզրափակեց Բաբայանը:
Հերմինե Մկրտչյան
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/134063/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել