Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով, շատ կարևոր է երկխոսությունը, բանակցությունները շարունակելու համար, որովհետև դրան այլընտրանք չկա: Բեռնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին՝ այդ մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Որքան հաճախ լինեն այդ հանդիպումները, այնքան հնարավոր է, միգուցե և փոքր քայլերով, բայց ինչ որ քննարկումներ լինեն, թե հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ տանելու առումով, թե այդ լարվածության նվազեցման մեխանիզմների մշակման իմաստով: Այդ հարցերն էլ են իհարկե քննարկվել: Գիտեք, եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ, նաև հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Բազմիցս մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը, ողջունել ենք դրա ստեղծումը: Ավելին, եռանախագները բազմիցս ներկայացրել են մանրամասներ այդ մեխանիզմի վերաբերյալ, և կողմերն առնվազն երկու անգամ, անգամ նախագահների մակարդակով Սոչիում կայացած երկու գագաթնաժողովների ժամանակ, ինչպես նաև` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարություններում, որտեղ խոսքը գնում էր հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին, որոշ պարտավորություններ էին վերցրել: Դրանցով, եռանախագահների հետ համատեղ, կողմերը պետք է քննարկեին այդ մեխանիզմների ստեղծումը»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը միաժամանակ ավելացրել է, որ այդ հայտարարություններից հետո անմիջապես Ադրբեջանը մի քանի անգամ հետքայլ է արել: Նալբանդյանի խոսքով՝ այսօր նույնպես նախագահները քննարկել են այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը և վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքն այդ առաջարկներին: «Սեպտեմբերին էլ ՄԱԿ­ի գլխավոր ասամբելայի շրջանակում Նյու­Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի: Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, և հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ուրեմն դրա համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,­ ընդգծել է Նալբանդյանը:

Հարցին՝ արդյոք այսօրվա հանդիպման ժամանակ համանախագահները դրել են սահմանային էսկալացիայի՝ հրետանու օգտագործման խնդիրը, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և բազում անգամներ իրենց հայտարարություններում: «Այս տարվա հունվարից եռանախագահները շատ ուղղորդված և և հասցեագրվարծ հայտարարություններ ու կոչեր են արել, և վերջինը՝ Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Դրանում հստակ, շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զենքերի օգտագործման իմաստով: Պարզ էր, թե ում էր դա ուղղված: Չնայած Ադրբեջանը դրան ի պատասխան փաստորեն ապտակ էր հասցրել եռանախագահներին ու ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանը գնաց նոր ու նոր տեսակի զենքերի օգտագործմանը: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին: Ինչո՞ւ միջազգային հանրությանը, որովհետև եռանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատ»,­ ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Լրագրողի մյուս հարցին՝ այս հանդիպումից հետո աճել թե պակասել են բանակցություններին Հայաստանի մասնակցելու տրամադրությունները՝ Նալբանդյանը նշել է. «Այդ տրամադրությունները կան, բայց բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել