Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել Մինսկի խմբի թվիթերյան էջում։

«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:


Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին:

Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել