Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունները կայացան 1919 թվականի հուլիսին, և 80 պատգամավորական տեղերից երեքը հատկացվեցին կանանց: Ազգային-ազատագրական շարժման նվիրյալ այդ երեք հայուհիներն էին` Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Ռոտինյան-Սահակյանը (նկարում ձախից` աջ): Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ծնվել է 1886 թ. Էդիրնեում:
Նա ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ հայ հեղափոխական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու նախաձեռնությամբ նա ստեղծում է «Հայ կանանց միություն» կազմակերպությունը: Այնուհետև Պերճուհին մեկնում է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսում է ստեղծագործել Էտնա կեղծանունով և հրատարակում «Փոթորիկեն վերջ» պատմվածքների ժողովածուն: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել` 1915-ին Սարգիսը նահատակվում է:
Նրա մահից հետո Պերճուհին տեղափոխվում է Թիֆլիս, հետո` Երևան: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` նա համակարգել է Ամերիկյան խնամատարական կոմիտեի հետ տարվող աշխատանքները և փաստացի հանդիսացել առաջին սոցիալական նախագծերի հեղինակը: Առաջին Հանրապետության անկումից հետո Պերճուհին շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել է Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Մահացել է 1940 թ.: Կատարինե Զալյան-Մանուկյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի այրին էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ