Հայաստանի ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի Կալիֆորնիայում գտնվող ռանչոյում (ենթադրենք ունի էլի... նկատի ունեմ` Հայաստանը` ընդդիմությունը) ազգահավաք է անում: Հավաքը վարում է Հմայակ Հովհաննիսյանը, ով հատուկ այդ օրվա համար մազերը ներկում է կարմիր-կապույտ-ծիրանագույն: Ելույթի 1584-րդ րոպեին Հմայակ Հովհաննիսյանը հարց է ուղղում լսարանին.
-Ո՞վ է համաձայն, որ սրանց մենք միայն ուժող կարող ենք հեռացնել, թող ձեռք բարձրացնի: Դահլիճում բոլորը ձեռք են բարձրացնում, բացի Հմայակ Հովհաննիսյանից (մոռանում է): Ապա հաջորդ հարցն է տալիս.
-Իսկ ո՞վ է պատրաստ իր կյանքը նվիրել, եթե պետք լինի, հանուն այդ պայքարի թող ձեռք բարձրացնի: Դահլիճում ոչ ոք ձեռք չի բարձրացնում, բացի դռնապահ, ազգությամբ մեքսիկ Միգելից:
Նույն օրը գեներալ Մանվելի Էջմիածնի ռանչոյում ՀՀ պահեստազորի գեներալները մի շարք ռազմա-քաղաքական, աշխարհա-քաղաքական, ներքին-քաղաքական, տարածաշրջանային փորձագետների, հարյուրավոր ադրբեջանագետների, տասնյակ իլհամագետների հետ համատեղ հատուկ նիստ է հրավիրում, որը նախագահում է գեներալ Մանվելը: Նա հարց է ուղղում լսարանին.
-Ո՞վ է համաձայն, որ էդ ոչխարներին մենք մենակ ուժով կարող ենք ճնշել, թող ձեռք բարձրացնի: Բոլորը ձեռք են բարձրացնում, բացի Տիգրան Սուրիկի Խաչատրյանից, նա այդ ժամանակ Երևանում է լինում: Գեներալը հաջորդ հարցն է տալիս.
-Իսկ ո՞վ է պատրաստ իր կյանքը տալ, եթե պետք լինի ու պետք է լինելու հանուն այդ պայքարի: Ոչ ոք ձեռք չի բարձրացնում, բացի երրորդ դասարանցի Գևորգից, ով, սակայն, ձեռք է բարձրացնում Այգեպար գյուղի դպրոցի իրենց դասարանում, երբ ուսուցչուհի Ասատրյանը հարցնում է, թե ով է սովորել հայոց պատմության դասը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել