Ողջո՜ւյն վերգետնյա անցումները արհամարհող, ստորգետնյա անցումներից «տհաճորեն խուսափող», իսկ հետիոտնային անցումներից էլ միայն քաղաքի կենտրոնում օգտվող համաքաղաքացի: Քաղաքը սուզվել է ձմեռվա սառը գիրկը, իսկ փողոցներն ակտիվացել են նախատոնական եռուզեռով: Տարբեր գերատեսչություններ պարբերաբար նախազգուշացնում են վարորդներին` ձմեռային անվադողերով երթևեկել և ճանապարհատրանսպորտային կանոններին խստորեն հետևել: Այսօր, սակայն, մենք չենք խոսի որոշ անբարեխիղճ վարորդների մասին, ովքեր չեն հետևում այս մաղթանք-հորդորներին, և ոչ էլ այն սակավաթիվ, բայց ծանրակշիռ թոկից փախածների մասին, ում մեքենաները գործարաններում հատուկ արտադրվում են առանց արգելակների, առանց ամրագոտիների, ու ովքեր երբեմն կաթվածահար են անում մեր բազմաչարչար քաղաքի երթևեկը:
Այսօր քաղաքը խոսում է ալարկոտ ու անբարեխիղճ հետիոտնի մասին: Ընդամենը 30 րոպե քաղաքում շրջելիս հայտնվում ես հնդկական խուլ աուլում. մարդիկ ցանկացած տեղում հատում են փողոցը, երբեմն տեսնում ես ծնողների, ովքեր, երեխաների ձեռքերից բռնած, այսուայն կողմ են վազվզում` խանգարելով երթևեկին: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, չնայած որ հետիոտնի իրավունքը գերակայում է վարորդի իրավունքին, սակայն միևնույնն է գործում են օրենքներ, երբ խստագույնս պատժվում է կարգ ու կանոնին չհետևող հետիոտնը, իսկ անցնելու համար չնախատեսված վայրում վրաերթի դեպքում վարորդը շատ հաճախ ճանաչվում է անմեղսունակ:
Պետությունը գումարներ է ծախսում, կառուցում վերգետնյա ու ստորգետնյա անցումներ, որոնք մեծամասամբ չեն ծառայում նպատակին: Վերգետնյա «կամուրջներից» հիմնականում անդաստիարակ երեխաները սառույցի ու քարի կտորներ են նետում անցնող մեքենաների վրա, իսկ շատ ստորգետնյա անցումներ բոլորս էլ գիտենք, թե ինչ նպատակի են ծառայում:
Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս ստիպել մեր որոշ ծույլ համաքաղաքացիների փողոցները հատել համապատասխան վայրերում և պատուհաս չդառնալ որոշ կարգապահ վարորդների համար: Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով հասնել քաղաքակիրթ կեցության: Միգուցե խիստ օրենքնե՞ր են հարկավոր, կամ էլ` հասարակական լուրջ և հետևողական ճնշում` այդ մարդկանց «խելքի բերելուն» միտված:
Քաղաքը խոսում է ու երազում կարգապահ երթևեկի, քաղաքակիրթ հետիոտնի ու հասարակության մեջ փոխադարձ հարգանքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել