Lurer.com-ը գրում է.
ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհորդային նոր քաղաքականություն, որով նախատեսվում է, որ գերատեսչությունների աշխատողները, նախարարներն ու պետական մարմինների ղեկավարներն իրենց աշխատանքային գործուղումները պետք է իրականացնեն էկոնոմ դասի չվերթերով: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Աշխատանքներն ընթանում են, որպեսզի ճանապարհորդելու մեր քաղաքականությունը փոխվի: Մյուս տարվա, ենթադրաբար, փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ: Այդ կապակցությամբ մեզ մոտ այժմ մշակվում է ճանապարհորդային քաղաքականություն: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն, այժմ հենց այն փուլն է, երբ պետք է դրանք ընդունենք»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ առաջարկվում է հետևյալ հիմնական կանոնը. պետական գերատեսչությունների բոլոր աշխատողներն աշխատանքային գործողումների պետք է ուղևորվեն էկոնոմ դասի չվերթերով, ընդ որում պետք է գնվի ամենացածր գին ունեցող տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Նման անհրաժեշտության դեպքում, այսինքն` տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Գործընթացը կմշակվի:
«Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունն 8 ժամից ավելի է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, որոնց համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին՝ առանձին թույլտվություն ստանալու համար, մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ թռիչքը միանգամյա չէ, այլ տրանզիտ և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է հինգ ժամը: Այդ դեպքերում հնարավոր են այլընտրանքային տարբերակներ առանձին թույլտվության հիման վրա: Սա, իհարկե, չի սահմանափակում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր, ուղղակի դա չի փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ վարչապետը հարցրեց՝ նոր կարգը վերաբերում է նաև նախարարների՞ն: Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկրորդ խումբը վերաբերում է նրանց և էկոնոմ դասի տոմսերը նաև նախարարներին է առաջարկվում, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունն 8 ժամից ավելի է: «Ես կարծում եմ՝ պետք է գրավոր բոլորի կարծիքն ունենալ, հետո կքննարկենք հարցը»,- եզրափակեց վարչապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել