Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական կարգավորումների անցկացման անհրաժեշտությանը:
«Արդեն բարեփոխված Սահմանադրությունից ելնելով պահանջվում է նոր որոշակի օրենքների ընդունում: Գիտեք, որ մինչև հուլիսի 1-ը պետք է ընդունենք Ընտրական նոր օրենսգիրք: Այնպես որ, աշխատելու ենք այս ուղղությամբ»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Tert.am-ի հարցին, թե ամփոփելով տարին որն էր Հանրապետականի համար ներքաղաքական ձեռքբերումն ու կորուստը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ հիմնական ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումներն էին:
«Մենք այլևս ապրելու ենք բարեփոխված սահմանադրությամբ: Հանրության 63 տոկոսը ԿԸՀ-ի տվյալներով «այո» ասաց այս փոփոխություններին ու մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանական քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ լինի ընդդիմություն կամ իշխանություն, «այո» ասացին այս փոփոխություններին: Չենք ժխտում, որ եղան թերություններ, խախտումներ, բայց դրանք որակական ազդեցություն չեն կարող ունենալ արդյունքների վրա: Ցանկացած երկրում, եթե հանրաքվեն անցնում է հանրության մեծամասնության ձայներով, ուրեմն դա ձեռքբերում է: Սա ոչ իմ կամքն է, ոչ ՀՀԿ-ի»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը:
Հարցին՝ հանրության մեջ չկա՞ անվստահություն սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ոչ»: Tert.am-ի դիտարկմանը, թե անգամ «այո»-ի կողմնակից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր ընդունել, որ անվստահություն կա, ասել էր, որ «այո»-ն այս առումով «հիվանդոտ» է, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Այն ինչ ծանր է ծնվում, վերջում ամենաառողջն է լինում»:
Շարմազանովն ասաց, թե ինքը համոզված է, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ են:«Արդյունքների հետ կապված որևէ հարցական չունեմ»,- ընդգծեց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/sharmazanov/1876574
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



