Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-ԵՄ ապագա պայմանագրին, որի մեկնարկը պաշտոնապես տրվեց, նշեց, որ ՀՀ-ԵՄ ապագա փաստաթուղթը մշակելիս շատ ու շատ ոլորտներում կարողանալու ենք գալ պայմանավորվածությունների, որոնք հիմնականում ուղղված կլինեն Հայաստան-ԵՄ տնտեսական, առևտրային և ներդրումային երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
-Պարո՛ն Մելքոնյան, դեկտեմբերի սկզբին պաշտոնապես ազդարարվեց ԵՄ-Հայաստան բանակցությունների մասին: Դուք նախկինում կարծիք էիք հայտնել, որ նախկին Ասոցացման համաձայնագրի Խորը և համապարփակից բազմաթիվ ուղղություններ նոր փաստաթղթում պահպանվելու են: Այդպե՞ս է: Նաև Դուք ներգրավված ե՞ք բանակցություններում:
- Նկատեմ,որ Բրյուսելում դեկտեմբերի 7-8-ին կայացավ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը և ըստ նոր պայմանագրով որոշված բանակցային ընդհանուր ձևաչափի՝ նախատեսվում է բանակցային գործընթացը շարունակել հետևյալ երեք խումբ հարցերի առանցքում:
Առաջին խումբ. քաղաքական և իրավական բլոկն է, որտեղ ներառվելու են հարցեր արտաքին քաղաքականության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հետ կապված, մի ամբողջական խումբ։
Երկրորդը՝ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն ոլորտային համագործակցությանը, որտեղ կան ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի ոլորտներ, դրանք նախկին բանակցած փաթեթում 28-29 ոլորտներ էին՝ ամենատարբեր՝ սկած տնտեսության ոլորտներից. տրանսպորտ, կապ, էներգետիկա, տուրիզմ, ներդրումներ, վերջացրած ծառայություններով: Այսինքն՝ երկրորդ խումբը ոլորտային համագործակցության բլոկն է, որտեղ ըստ ճյուղերի քննարկվելու է, թե ինչ համագործակցություն կարելի է ձևավորել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Երրորդ խումբը առևտրի և ներդրումների մասին հարցեր են, առանձին, որը հիմնականում վերցվելու է նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրից: Ես մի անգամ առիթ եմ ունեցել ասելու, հիմա էլ հաստատում եմ, որ նախկինում բանակցված փաթեթից առավելագույնս վերցնել և ներառել նոր փաստաթղթում՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ ելնելով մեր՝ Եվրասիական տնտեսական միության առաջ ստանձած պարտավորություններից: ԽՀԱԱԳ մասով պետք է նշել, որ ազատ առևտրի բաղադրիչը չի լինի, այսինքն՝ մաքսատուրքերի դրույքաչափերի զրոյացում չի լինի, ինչպես նաև՝ ազատ առևտրին առնչվող որոշ կարգավորումներին նոր համաձայնագրում: Այսուհանդերձ, կան բազմաթիվ ուղղություններ, որոնք ենք նախատեսում ենք ներառել և այդ մասով բանակցությունները կընթանան, թե ինչպիսի պամանավորվածություններ կարող են և պետք է ձեռք բերվեն: Մտավոր սեփականության պաշտպանություն, առևտրին տեխնակական խոչընդոտների վերացում, սանիտարիա և ֆիտոսանիտարիա, մրցակցությանը, թափանցիկությանը առնչվող, նույնիսկ մաքսային վարարությանն առնչվող հարցերը ներառվելու են նշած երրորդ բլոկում:
Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելով նշեմ, որ նախատեսվում է, որ ես ինքս ներգրավված կլինեմ բանակցություններում և հիմա եվրոպական կողմի հետ համադրելով՝ վերջնականացնում ենք այն բանակցային ձևաչափը կառուցվածքի ու աշխատանքային խմբերի, ինչը հնարավորություն կտա եղած օրակարգի վրա հիմնվելով՝ նաև հաշվի առնելով նախկին օրակարգի բանակցային փորձը, կառուցել այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ունենալ բավականին արդյունավետ աշխատանք:
- Շատերը, հատկապես տնտեսական հարցերի հետ կապված նոր պայմանագրի որակը պայմանավորում էին, թե որքանով ՀՀ –ն ինքնիշխանություն կունենա այդ հարցերում դիրքորոշումներ ունենալու և ձևակերպելու համար: Եվ եթե այդ հարցերը պետք է կարգավորվեն ԵՏՄ շրջանակներում, ապա ինչ սպասելիքներ ունեք, կտա՞ն մեզ այդքան ազատություն:
- Չասացի, որ բոլոր հարցերը կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կան հարցեր, որոնք յուրաքանչյուր երկիր՝ մտնելով տնտեսական կամ մաքսային միություն, ենթակա են կարգավորման և որոշումների ընդունման միության հարթակի մեջ: Կան հարցեր, բազմաթիվ, շատ ավելին, որոնց կարգավորումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավասության շրջանակում է՝ ազգային կառույցների որոշման շրջանակներում: Մենք բազմաթիվ ոլորտներ ունենք,մի քանիսը նշեցի, բայց կարելի էր շատ ավելի երկար ցանկ ներկայացնել, որոնց վերաբերյալ որոշումները չեն ընդունվելու միության շրջանակներում:
-Դրանք փոքրամասնությո՞ւն են, մեծամասնությու՞ն:
- Դե բաժանել՝ որն է ավելի շատ, որը՝ քիչ, երբ հստակ կլինի փաթեթի կառուցվածքը և պահը գա այն հանրությանը ներկայացնելու, մենք այն, իհարկե, կներկայացնենք, բայց ընդհանուր առմամբ իմ գնահատականը այն է, որ, այո, նաև առևտրի ու ներդրումների ոլորտային համագործակցության մեջ շատ ու շատ ոլորտներում մենք կարողանալու ենք գալ պայմանավորվածությունների, որոնք հիմնականում ուղղված կլինեն Հայաստան-ԵՄ տնտեսական, ի մասնավորի նաև՝ առևտրային և ներդրումային երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/15/garegin-melqonyan/1873850
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



