Առողջ բանականությունը հրաժարվում է նորմալ վերաբերել այն երևույթին, երբ տարատեսակ քաղաքական ուժեր, հասարակական ակտիվիստներ ու որոշ սովորական քաղաքացիներ հրճվելու աստիճան հիանում են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից, որի տեքստում ակնարկվում է այն, որ Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։
Դիսոնանսն էլ ավելի է սրվում, եթե հաշվի առնենք, որ նման հրճվանք դրսևորում են որպես կանոն նրանք, ովքեր օրնիբուն աղաղակում են ինքնիշխանության ու անկախության մասին, մեղադրում են այլոց ստրուկ լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։ Մինչդեռ հարց է առաջանում, թե ով ես դու, եթե ոչ ստրուկ, երբ հրճվում ես, որ ներքին հարցերիդ ներգրավվում են երկրորդ ու երրորդ պետություններ։
Սկզբունքային նշանակություն չունի, թե ով է ներգրավվողը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, թե՝ Քոթ Դիվուարը։ Նշանակություն ունի, որ ցանկացած ներքաղաքական գործընթացը մեր ներքին գործն է, որը պետք է լուծենք ներքին ուժերով։ Դրսի միջամտությունը երբեք ու ոչ մի հանգամանքում չի լինում հանուն մեզ ու մեր շահերի։ Դա լինում է միայն այդ պետության շահերից բխելով։
Նույն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հրճվողներին կուզենայի հարցնել, թե ուր էր Ձեր դեսպանատունը նախորդ ընտրություններին, այդ ինչ փոխվեց այս մի քվեարկության ընթացքում, որ ԱՄՆ-ը սկսեց անսպասելիորեն նկատել ինչ-ինչ խախտումներ։ Եթե խոսքը գնում է իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներին սև ցուցակ մտցնելու մասին, ապա ինչո՞ւ հենց հիմա սկսեցին նկատել այդ որոշ ներկայացուցիչների անիրավությունները։ Կարո՞ղ է՝ մինչև այս սուրբ էին ու անմեղ գառների պես էին։ Ամենևին ոչ։ Պարզապես ԱՄՆ-ը այս խառը ժամանակներում շարունակում է անել այն, ինչ միշտ է արել. պաշտպանում է իր շահերն ու փորձում է չեղած տեղից ազդեցության նոր լծակ ունենալ ՀՀ իշխանությունների վրա։
Իսկ հորթական հրճվանք դրսևորողներն այս հարցում հաճախ չեն էլ գիտակցում, որ իրենց արածը ոչ թե ընդդիմադիրին հարիր բան է, այլ դավաճանին։ Սեփական տանդ վրա դրսից մարդ բերել չի կարելի։ Չի կարելի նաև հրճվել, եթե այդ դրսի մարդն առանց քո բերելու է քիթը խոթում քո ներքին հարցերի մեջ։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/12/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել