Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում այսօր մեկնարկում է նոր ֆիլմաշար, որը կկրի «Հատուկ բաժին» խորագիրը: Դետեկտիվ ժանրում նկարահանված 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի գործող անձիք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները:
Նորագույն տեխնիկական և լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը, Վաչե Երիցյանը, Ալեքսանդր Բադալյանը և այլք: Ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը և Արեն Մալաքյանը:


Դերասանուհի Մարիամ Դավթյանը «Հատուկ բաժին» ֆիլմաշարում մարմանավորում է հետաքրքիր կնոջ կերպար` կրիմինալիստ. «Ինձ հետաքրքրեց այս առաջարկը, որովհետև ներկայացնելու էի մի մասնագիտություն, որից, իհարկե, գաղափար չունեի: Դա մի աշխարհ է, որտեղ պետք է ընկղմվեի և փորձեի հասկանալ կին-կրիմինալիստ տեսակը: Սկսեցի անցնել մի ճանապարհ, որը շատ հետաքրքիր էր, որովհետև այս ընթացքում սկսեցի նոր բաներ բացահայտել, թե մարդիկ ինչպես են իրար հետ շփվում և, ընդհանրապես, սկսեցի հետաքրքրվել դեդեկտիվ գրականությամբ, դոկումենտալ ֆիլմերով,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին և ավելացրեց,- նկարահանումների ընթացքում, իմիջիայլոց, զուգահեռներ անցկացրի դերասանի և քրեագետի մասնագիտությունների միջև, քանի որ քննիչը և քրեագետը, ինչպես և դերասանը, պետք է ունենան յուրահատուկ երևակայություն՝ «մտածելու» ինչպես հանցագործը, քանի որ այդ երևակայությամբ և այդ մտածողությամբ կարողանում ես բացահայտել հանցագործությունները և կանխագուշակել հանցագործի հնարավոր քայլերը: Ուզում եմ ասել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել ռեժիսորների կողմից` դերասանների ընտրությունից մինչև վերջնական արդյունք: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կգնահատի մեր արած աշխատանքը»:



Դերասան Շանթ Հովհաննիսյանին սովոր ենք տեսնել գեղարվեստական ֆիլմերում, բայց նա էլ այս ֆիլմաշարում իր ուրույն տեղն է գտել. «Առաջարկ եղավ, որ 16 մասից բաղկացած ֆիլմաշար է նկարահանվում ոստիկանության մասին: Սովորաբար սերիալներից փորձում եմ հրաժարվել, հեռու մնալ, բայց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասաց, որ նոր որակի մեջ հեռուստատեսային ձեւաչափ է լինելու` յուրաքանչյուր օր ներկայացվելու է երկու սերիա, որը կազմելու է մեկ ամբողջական պատմություն: Առաջարկը հետաքրքրեց, համաձայնեցի»:
Շանթը նշում է, որ հետաքրքիր թիմ է հավաքվել, իսկ դերը խաղալուց փորձում է ներկայացնել կերպարի ներքին ապրումները. «Կերպարներին այդպես եմ մոտենում, աշխատում եմ նրա հույզերից ինչ-որ բաներ հասկանալ, վերլուծել: Թե որքան է հաջողվել այս կերպարի պարագայում, հանդիսատեսը կգնահատի: Ես մարմնավորում եմ մի հերոսի, ով լավ գիտի իր աշխատանքը, հասկանում է դրա կարևորությունը և փորձում է, երբեմն նույնիսկ անձնականը մոռանալով, տրվել գործին և անել դա պրոֆեսիոնալ կերպով»:




«Հատուկ բաժին» ֆիլմաշարում Սեպուհ Ապիկյանը մարմնավորում է Մաքսիմ Մելքոնյանի կերպարը, ով հատուկ պատրաստվածություն ունեցող, արևելյան մարտարվեստներին տիրապետող ոստիկան է. «Նախ՝ ասեմ, որ մինչև «Հատուկ բաժին» ֆիլմաշարում նկարահանվելու առաջարկ ստանալը ես մեկ տարի և կես բացարձակ չեմ նկարահանվել ոչ մի ֆիլմում, քանի որ առողջապես հնարավորություն չունեի աշխատելու իմ վնասվածքներից հետո: Եվ այդ ժամանակահատվածում բնական է, որ ֆիզիկապես և հոգեպես ֆորմայից ընկել էի: Իսկ յուրաքանչյուր դերասանի համար երկար ժամանակ չաշխատելը վիճակից նրան հանում է դուրս և, ինչպես ասում են, «ժանգոտացնում» է: Եվ ինձ իհարկե պետք էր մի հանգամանք, որն ինձ ուժով կհրեր, որպեսզի ես տեղիցս շարժվեմ առաջ»:

Սեպուհի համար այդ առիթն այն եղավ, երբ ռեժիսոր էդգար Բաղդասարյանն առաջարկեց մարմնավորել Մաքսիմի կերպարը, բացի դրանից՝ Սեպուհին դուր է եկել դերասանական կազմը. «Անչափ շնորհակալ եմ ողջ ստեղծագործական խմբին, բոլորին: Ինչ վերաբերում է ժանրային փոփոխությանը, ապա պետք է նշեմ, որ յուրաքանչյուր արտիստ իմ կարծիքով պետք է կարողանա մարմնավորել ցանկացած կերպար, կլինի այն հումորային, դրամատիկ, դրական, թե՝ բացասական: Եվ ամենակարևորը՝ կերպարը պետք է լինի տարբեր իր բոլոր կերպարներում: Սա է, կարծում եմ, դերասանի ֆունկցիան և նրա աշխատանքը: Ես հիմնականում մարմնավորել եմ հումորային կամ բացասական կերպարներ, բայց միշտ ցանկություն եմ ունեցել մարմնավորել որևէ լուրջ կամ դրական կերպար՝ հագեցած կյանքային և մարդկային էմոցիաներով: Ժանրային փոփոխությունն իհարկե սրտովս էր, ինչպես նաև սրտովս էր աշխատել այն բոլոր մարդկանց հետ, ում մասին խոսեցի»:

«Հատուկ բաժին»-ն Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Հարցազրույց» ծրագրից անմիջապես հետո՝ յուրաքանչյուր օր ներկայացնելով երկուական սերիա, որոնք կազմում են մեկ ամբողջական պատմություն:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: