Մի քանի օր է՝ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի կառավարության մի քանի նախարար զգուշացնում էին Ռուսաստանին, որ եթե վերջինս շարունակի իր ոչ կոնստրուկտիվ քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, ապա իրենց համբերությունը կսպառվի, և Թուրքիան էլ համարժեք քայլերի կդիմի ՌԴ-ի դեմ։ Սակայն պաշտոնական Մոսկվան ուղղակի անտեսեց թուրք նախարարների շանտաժային ոճի այս ելույթները, որի արդյունքում էլ երևի Թուրքիայի համբերությունն այսօր սպառվեց։ Ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով թուրքական բանակի գլխավոր շտաբը՝ թուրք զինվորականներին հրահանգված է արձակուրդները չանցկացնել Ռուսաստանում։ Այս հիմար և անիմաստ հրամանով Թուրքիան փորձում է ասիմետրիկ պատասխա՞ն տալ ՌԴ-ին, որը նոյեմերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից խոցված ռոսական օդանավի դեպքից հետո խիստ տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի դեմ, որոնք միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում Թուրքիայի տնտեսության տարբեր ճյուղերին։ Տարեկան, տարբեր տվյալներով, Թուրքիայում են իրենց հանգիստ անցկացնում 3-5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ, որոնք Թուրքիայում էին թողնում 4-5 միլիարդ դոլլար։ Պուտինն այս ամենին վերջ դրեց։ Ու սա միայն զբոսաշրջային ոլորտն էր։ Հավելեմ, որ, ըստ «Ռոստուրիզմի», անցյալ տարի ՌԴ է այցելել 134,7 հազար թուրք զբոսաշրջիկ։ Թե սրանց քանի տոկոսն են կազմում զինվորականները, երևի ոչ ոք ստույգ չգիտի։ Ու հիմա թուրք զինվորականներին արգելում են արձակուրդներն անցկացնել Ռուսաստանում։ Էրդողանը երևի մտածում է, որ շատ «մեծ հարված» է հասցնում Մոսկվային իր այս որոշումով։ 
Հ.Գ. Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են վատթարանալ։ ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Մոսկվան թուրքական զորքերի առկայությունն Իրաքի հյուսիսում դիտում է որպես ՆԵՐԽՈՒԺՈՒՄ։ «Մենք դա դիտում ենք որպես անօրինական քայլ և ներխուժում Իրաքի տարածք։ Բացարձակ կապ չունի, թե թուրքերն ինչպես են բացատրում իրենց զինվորականների առկայությունը Իրաքի հյուսիսում»,-հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Թուրքիան և նրա դաշնակիցները փորձում են շեղել Մոսկվայի ուշադրությունը Սիրիայից՝ ավելացնելով և մեծացնելով դիվանագիտական և ռազմական «ճակատները» Պուտինի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել