Lragir.am-ը գրում է.
Հնարավո՞ր է արդյոք տեխնոլյուստրացիա Հայաստանում

Ի՞նչ կարիք կա հորինելու մի նոր՝ բավական «խուճուճ» տերմին՝ տեխնոլյուստրացիա, եթե արդեն կա պարզապես լյուստրացիա տերմինը: Այդ կարիքն իսկապես չկա: Կարիքն ընդամենը տակտիկական, ժամանակավոր բնույթ ունի: Խնդիրը հանրության կողմից շրջանառվող տերմինի սխալ ընկալումն ուղղելու մեջ է: Բանն այն է, որ առաջին հերթին պրոֆեսիոնալ քաղաքագետների մոտ լյուստրացիան ասոցացվում է ԿԳԲ-ի արխիվների, ինչպես նաև նախկին կոմունիստներին «գնդակահարելու» հետ, այնինչ նույնիսկ քաղաքագիտության դասագրքերում նման բան չի գրված:

Ըստ դասական սահմանման՝ լյուստրացիան պարզապես զոհաբերություն է և ուրիշ ոչինչ: Քաղաքագետների, ինչպես նաև նրանց «գիտելիքների խոսնակներ» լրագրողների սխալ մեկնաբանություններն էլ հանրության մեջ ստեղծել են մարդու իրավունքներին հակասող սարսափելի մի կոտորածի պատկերացումներ, ինչի պատճառով այդ տերմինն օգտագործողներին մեղմ ասած ծուռ են նայում: Տեխնոլյուստրացիան դա նույն լյուստրացիան է, պարզապես հուսանք, որ հանրությունը և առաջին հերթին քաղաքագետները ևս մեկ անգամ արհեստականորեն  ուշադրություն կդարձնեն տերմինի վրա և հնարավոր է, որ կամաց կամաց կոտրեն իրենց մեջ ունեցած վախը՝ այդ տերմինն ու գաղափարը լայն շրջանառության մեջ դնելու հարցում:

Այսպիսով ի՞նչ է լյուստրացիան, կամ տեխնոլյուսրացիան

Lustratio լատիներեն նշանակում է ինքնամաքրում զոհաբերությամբ: Լյուստրացիան ենթադրում է հասարակության որոշակի շերտի մեկուսացումը («զոհաբերումը») պետական-հանրային կառավարման համակարգից: Այն չի զրկում մեկուսացվողներին խոսքի ազատությունից, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործունեությունից, առավել ևս՝ չի ենթարկում քրեական կամ վարչական պատասխանատվության:

Լյուստրացիան հնարավոր է, որ իրացվի երկու տարբերակով՝ փափուկ կամ՝ կոշտ: Փափուկ լյուսրացիան դա ակտիվ հասարակական միջոցառում է, որի նպատակն ընդամենը հասարակական քաղաքական կյանքի, ինչպես նաև արժեհամակարգի վրա ակտիվ ազդեցություն թողնելն է: Կոշտ լյուստրացիան ամրագրվում է օրենքով, նրա ազդեցությունը շատ ավելի մեծ, կտրուկ և կոնկրետ է: Լյուստրացիաների այս երկու տարբերակներն էլ ենթակա են իրագործման ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների միջոցով: Գուցե դա արդարացում է այն, որ տերմինը ժամանակավորապես օգտագործվի «տեխնոլյուսրացիա» տարբերակով:

Ովքե՞ր են լյուստրացվում

Լյուստրացիայի ցուցակներում ընդգրկվում են պետական, քաղաքական, հասարակական, մշակույթի, գիտության այն գործիչները, ովքեր իրենց գիտակցական գործունեությամբ (գիտակցաբար), անգործության հետևանքով, կամ պասիվ քաղաքացիական դիրքորոշմամբ նպաստել են տնտեսական ճգնաժամի առաջացմանը, կամ տնտեսական աճի տեմպերի արգելակմանը, սոցիալական կյանքի վատթարացմանը, քաղաքակրթական և մշակութային անկմանը, մարդկային զարգացման կասեցմանը, հասարակության բարոյազրկմանը:

Լյուստրացվողների ճշգրիտ ցուցակ երբեք հնարավոր չէ կազմել, քանի որ այն, անկախ այն բանից՝ գործ ունենք փափուկ, թե կոշտ դրսևորման հետ՝ չի նախատեսում իրավա-քննչական գործընթացներ: Լյուստրացիայի ցուցակագրումը բացառապես հանրության կողմից ցանցային ընտրության արդյունք է: Որևէ առանձին անձ, հասարակական կամ քաղաքական խմբավորում, պետական կամ մասնավոր կառույց չի կարող իրավունք ստանալ իր ուսերին վերցնելու լյուստրացիայի ցուցակման պատասխանատվությունը: Հանրության առավելագույն մասնակցության արդյունքում են ինչպես գեներացվում, այնպես էլ ռեյտինգավորվում այն հասարակական գործիչները, ում հանրությունն առանց որևէ խորը պատճառաբանության չի ուզում տեսնել հանրային կառավարման հանգույցներում:

Հստակ պատճառաբանության բացակայությունը կարևոր նախապայման է լյուստրացիայի բուն իմաստի համար, սակայն հենց դա էլ հանդիսանում է լյուստրացիայի ճշգրտության (կամ սխալի) պատճառը: Լյուստրացիայի սխալը հենց այն զոհաբերությունն է, որը հասարակությունը մատուցում է՝ հանուն նույն այդ հասարակության մաքրման:

Լյուստրացիայի սխալը, կամ որ նույնն է՝ զոհաբերության աստիճանը հնարավոր է փոքրացնել՝ կիրառելով զանազան միջանկյալ տեխնոլոգիաներ: Այդպիսի տեխնոլոգիաներ կարող են լինել հանրային կամ լրագրողական հետաքննություններն ու ճշտված փաստերի հրապարակումները: Լյուստրացիայի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակությունը զոհաբերության պատրաստ լինի և կամք արտահայտի: Ընդ որում, շատ կարևոր է, որ այդ զոհաբերությանը գիտակցաբար և կամավոր գնան մարդիկ, ովքեր հանրության կողմից կարող են ընդգրկվել լյուստրացիայի ցուցակներում:

Լյուստրացման աստիճանները

Ակնհայտ է, որ ցուցակված անձանց նկատմամբ միանվագ մեկուսացման տեխնոլոգիաների կիրառումը հասարակության «մաքրման» գործընթացում կթողնի «հարակից հետևանքներ»: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հանրությունը ցուցակվողների նկատմամբ արտահայտի իր դիֆերենցված կամքը: Լյուստրացվողները կարող են մեկուսացվել մեկ կամ մի քանի բաղադրիչներով՝ մեկուսացում պետական բարձր պաշտոններից, մեկուսացում բոլոր տեսակի պետական և քաղաքացիական ծառայությունից, մեկուսացում խոշոր բիզնես գործունեությունից, մեկուսացում կրթա-մանկավարժական գործունեությունից:

Որքան է Հայաստանում լյուստրացվողների այն մոտավոր քանակը, որոնց մեկուսացումը կտրուկ կփոխի հանրային կառավարման որակը

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանում պետական բարձրագույն և պատասխանատու պաշտոններ զբաղեցրածների ու այդ հավակնությունները պահպանածների, ինչպես նաև քաղաքական հասարակական գործունեությամբ զբաղվողների քանակը, որոնց գործունեության նկատմամբ հանրության մոտ ձևավորվել է բացասական կարծիք, կամ որոնց մասին ունի փաստարկներ հակաօրինական գործունեության վերաբերյալ, կազմում է մոտ 3 000: Հնարավոր է, որ զոհաբերության տոկոսը կազմի մոտ 5-10 %, այսինքն մոտ 300 հոգի:

Կասկած չկա, որ այսօր լյուստրացիայի գործընթացը ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության սրտով չէ, քանի որ լյուստրացվելու բավական մեծ հավանականություն ունեն թե իշխանական և թե ընդդիմադիր գործիչներ: Շատ հավանական է, որ դա է պատճառը, որ ժամանակակից քաղտեխնոլոգները խուսափում են տերմինի ճիշտ ներկայացումից և ամեն կերպ աշխատում են աղավաղել նրա իմաստը: Դժվար է պատկերացնել, թե ինչ ազդակներ ու լծակներ են պետք, որպեսզի հանրությունը սկսի իրացնել թեկուզ փափուկ տեխնոլյուստրացիայի տեխնոլոգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել