Lragir.am-ը գրում է.
Հայկական քաղաքական օրակարգը հաճախ է տարբերվում համաշխարհայինից, միջազգայինից, նույնիսկ տարածաշրջանայինից։

Շուրջ երկու շաբաթ՝ նոյեմբերի 30-ից, Փարիզում ընթանում էր կլիմայական փոփոխություններին նվիրված «Կոպ-21» գագաթաժողովը, որին մասնակցում էր շուրջ 200 երկիր։ Ի վերջո, շաբաթ երեկոյան հաջողվեց հասնել բացառիկ արդյունքի՝ նախաստորագրել համաձայնագիրը, որի շնորհիվ կզսպվի մոլորակին ապոկալիպտիկ աղետներ սպառնացող ջերմոցային էֆեկտը։ Ամեն տարի այդ նպատակով ծախսվելու է շուրջ 100 միլիոն դոլար։ Ծրագրերի մեծ մասի գործողության ժամկետը 21-րդ դարի վերջն է։

Այդ իրադարձության որոնումը, հակառակ համաշխարհային ընդգրկմանը, հայկական  առցանց տիրույթում միայն հատուկենտ հիշատակումներ ի հայտ կբերի։

Սա մեր հուսահատության պատկերն է՝ հետաքրքիր չեն ծրագրերը, որոնք վերաբերում են ապագային։ Նույն բնույթի պատճառներով Հայաստանում սահմանափակ թվով մարդկանց են հետաքրքրում նաև բնապահպանական ուրիշ խնդիրները. աշխատատեղերի առկայությունը շատ ավելի հրատապ է։

Ի դեպ, փարիզյան գագաթաժողովի հանդեպ հետաքրքրությունը ռուսական մեդիայում ևս մեծ չէր և մարեց համաժողովում Պուտինի ելույթից անմիջապես հետո։ Գլոբալ տաքացման խնդիրը նոր է, հետևաբար երիտասարդները պետք է զբաղվեն դրանով, բայց երիտասարդությունը, հատկապես նրա կրթված, լեզուներ իմացող հատվածը դեռ արտասահմանյան երկիր է փնտրում, ուր կապաստանի։ Ըստ վիճակագրության, 2014 թ.-ի հունվար-փետրվար ամիսների 120.000-ի դիմաց 2015-ի հունվար-փետրվարին Ռուսաստանից արտագաղթել է 204.000 հոգի։

Ըստ ամենայնի, իրավիճակը նույնն է հետխորհրդային երկրներում։

Ճիշտ է, Հայաստանում կար հանրաքվեի գործոնը, որը զբաղեցնում էր հանրության ուշադրությունը։ Նույնիսկ ընդդիմադիր թևի՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հրապարակած տվյալից՝ 825 հազարից, ելնելով՝ եղել է բավական ակտիվ մասնակցություն։

Բայց մասնակիցների թվի կեղծումը, բռի մեթոդներով սահմանադրական փոփոխություններն անցկացնելը նշանակում է հուսահատության, համապատասխանաբար նաև արտագաղթի նոր ալիք...

Ականատեսներն ինձ պատմեցին, որ Հրաչյա Քոչարի փողոցի սկզբում գտնվող «Կրպակ» սուպերմարկետում հանրաքվեի նախորդ օրը էնքան շատ մարդ է 5 հազարանոցով առևտուր արել, որ արդեն վաղ երեկոյան մանրը դրամարկղերում իսպառ վերջացել է։

Ուրեմն, էս ընտրությունից հետո էլ երկրում ավելի շատ կմնան մարդիկ, որ մի օր քեֆ են անում ողորմություն տված 5 հազարով, իսկ մնացած ժամանակ հլու-հնազանդ կերակրում ու սպասարկում են վարչախմբին, որը վերջին 10 տարիներին իրենցից քամել ու Հայաստանից դուրս է բերել 9,8 միլիարդ դոլար, անօրինական եղանակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել