Իհարկե, Ծառուկյանի չառաջադրվելու բոթից հետո մեր քաղաքական գունապնակում գույները զգալիորեն պակասեցին ինտրիգների հետ միասին, և շատերի՝ միավորված ընդդիմություն տեսնելու հույսը իր մահկանացուն կնքեց, բայց, մեղմ ասած, երբեք էլ չեմ պատկերացրել, թե ինչպես է իշխանավորների կողմից ժողովրդիս չարչրկված հատվածին օլիգարխը առաջնորդելու: Միշտ կարծել եմ, որ հավաքական ընդդիմության լիդերը գոնե չպետք է խորշի ընդդիմադիր բառից և լինի չափազանց գաղափարական, որպեսզի համայն հայության ընդդիմադիրները իրենց նպատակների մարմնավորումը կարողանան տեսնել նրա մեջ: Այսօր՝ այս վճռական պահին, երբ ընդդիմության հավաքական կամքի բացակայության և քաղաքական խլրտումների անխոնջ մղման պատճառով ընտրությունների ելքը կարծես թե վճռված է, անհրաժեշտություն կա նոր քաղաքական ալեանսի, որը պետք է միավորի բոլոր ընդդիմադիրներին: Իմ խորին համոզմամբ, այս մոլորյալ երամի ռահվիրայի դերը պիտի ստանձնի Րաֆֆի Հովհաննիսյանը, և մյուս ընդդիմադիրները, մի կողմ թողնելով սեփական՝ ոչնչով չհիմնավորված ամբիցիաները, պետք է կատարեն այդ քայլն ու համախմբվեն նրա շուրջը: Ավելի քան վստահ եմ, որ հենց Րաֆֆին կարող է դառնալ կոմպրոմիսային ֆիգուր հավասարապես թե՛ ՀԱԿ-ի և թե՛ ՀՅԴ-ի համար, իսկ մյուսները պետք է հետևեն նրանց օրինակին: Հակառակ դեպքում, սեփական խաղը խաղալով և երազում նախագահի աթոռ տեսնելով, երկրում համակարգային փոփոխություններ ակնկալելը պարզապես մանկամտություն է: Ժամանակն է սթափվել ու հաղթել սեփական ամբիցիաներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել