Ժամեր առաջ հրապարակվեցին Gallup Organization-ի իրականացված հարցումների արդյունքները, որոնք հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմել նախընտրական շրջանում հասարակական տրամադրությունների մասին և կոտրել մի շարք միֆեր, որոնք միտումնավոր կամ ակամայից փաթաթել էին մեր վզին:
Եվ այսպես, շատերի կողմից հնչեցվող այն տեսակետը, թե Ծառուկյանը լուրջ մրցակից է գործող նախագահի համար, արի ու տես այդ միֆերի շարքից է, և հարցումները ցույց են տալիս (ի դեպ, հարցումներն արվել են մինչև Ծառուկյանի չառաջադրվելու մասին հայտարարությունը), որ Սերժ Սարգսյանի ռեյտինգը բավարար էր հաղթելու անգամ երկու Ծառուկյանների: Հայաստանի բնակչության 49%-ը առաջիկա նախագահական ընտրություններին իր ձայնը կտար Սերժ Սարգսյանին, 21%-ը` Գագիկ Ծառուկյանին, 6%-ը` Լևոն Տեր-Պետրոսյանին, 5-ական տոկոս կհասներ Ռոբերտ Քոչարյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին։
Հատկապես ուշագրավ է նաև առաջին նախագահի ցուցանիշը: Ինչևէ, կարող ենք շնորհավորել վերջինիս մի քանի տարում իր ձայների բանկը մինչև վերջին ընտրողը մսխելու կապակցությամբ:
Հարցման ընթացքում տրվել է նաև այն հարցը, թե ում օգտին մարդիկ ընդհանրապես չեն քվեարկի: Առաջատարն այստեղ Տեր-Պետրոսյանն է: Հարցվողների 39%-ը ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին երբեք չեն քվեարկի, 16%-ը` Արթուր Բաղդասարյանի, 12%-ը` Ռոբերտ Քոչարյանի, 11%-ը` Սերժ Սարգսյանի: