Tert.am-ը գրում է.
Սահմանադրական հանրաքվեի ողջ ընթացքում իշխանությունների, պատկան մարմինների կողմից տարվեց հետևողական, օպերատիվ աշխատանք՝ խախտումների, միջադեպերի  մասին տեղեկատվությունները ճշգրտելու նպատակով: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա՝ ԶԼՄ-ներում հրապարակված խախտումների, միջադեպերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:  «Այն հրապարակումներում, որտեղ կային հիմքեր պարունակող տեղեկատվություն, դրանց վերաբերյալ անմիջապես քրեական գործեր են հարուցվել, որոնք վերաբերում են և՛ լրագրողների գործողությունները խոչընդոտելու դեպքերին, և՛ քվեարկության իրավունքի վերաբերյալ խախտումներին»,- նշեց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ և ԵՄ դեսպանների բավական խիստ գնահատականներին, որոնք վերաբերում են հանրաքվեի լեգիտիմությանը, ապա ԱԺ փոխնախագահը շեշտեց. «Կոչը, որը կար, ԱՄՆ պետդեպի և ԵՄ հայտարարության մեջ, մեր իսկ գործողություններին համահունչ կոչ էր, այնպես էր, որ նման կոչերի կարիքը չի զգացվում, որովհետև մեր կողմից տարվում է հետևողական աշխատանք, որոնց արդյունքները դուք շուտով կտեսնեք»:

Հերմինե Նաղդալյանն ասաց, թե ընտրական պրոցեսի ժամանակ տեղի ունեցող խախտումները իսպառ վերացնելը մեկ օրում լուծվող հարցեր չեն: «Սրանք խնդիրներ են, որոնք բավական խորը արմատներ են ունեցել մեր երկրում: Այս երևույթը կա մեզ նման այն պետություններում ևս, որոնք անցնում են ճանապարհ դեպի ժողովրդավարություն, կան նաև խնդիրներ, որոնք շատ հեռու են մեզնից: Ակնառու է բոլորիս համար այն առաջադիմությունը, որը մենք ունենք ամեն ընտրությունից ընտրություն: Վստահաբար, պատմության գիրկն են անցել բազմաթիվ թերություններ, միջադեպեր, դրամատիկ, խառը, աժեոտաժային վիճակներ: Ուստի մենք հետևողական աշխատանք ենք կատարում, որ հաջորդ մեր ընտրությունները լինեն ավելի քիչ միջադեպերով»,- հավաստիացրեց Հ. Նաղդալյանը:

Հարցին, թե ինչու է իշխանությունը ևս բողոքարկել որոշ տեղամասերում անցկացված ընտրությունների արդյունքները, երբ «այո»-ն հաղթել է, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ բողոքարկումը կապված չէ «այո»-ի կամ «ոչ»-ի հաղթանակի հետ:

«Մենք հաղթող լինելով ծածկադմբոց չենք անում, խախտումների մասին հայտարարում ենք: Սա նաև կոտրում է կարծրատիպ, որ լոկ իշխանության ներկայացուցիչների, միայն ՀՀԿ-ականների կողմից չէ, որ խախտումներ են լինում: Լրագրողական հետաքննությունը, որը արվել էր ցույց տալու համար, որ կարելի է քվեարկել ուրիշի փոխարեն, վառ ապացույց է, այդ տեղամասում հանձնաժողովի նախագահը օպոզիցիան էր: Բողոքարկելով մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի ճիշտ և հստակ ու եթե կան մեղավորներ, որ դրանք պատժվեն»,- շեշտեց խորհրդարանի փոխխոսնակը:

Հարցին՝ «ոչ»-ի կողմից կատարված խախտումները զանգվածային բնո՞ւյթ էին կրում, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ իր համար զանգվածային կամ խայտառակ մակդիրները գոյություն չունեն: «Չեմ կարծում, որ զանգվածային բնույթ կրող կեղծիքներ են եղել: Չեմ ընդունում՝ մասսայական, խայտառակ արտահայտությունները, որովհետև դրանք ամպագոռգոռ են, դրանց տակ փաստացի նյութ չկա: Խոսել որևէ ստվերի մասին՝ անգամ ավելորդ է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:  

Ինչ վերաբերում է քննարկումներին, որ Նախագահ Սերժ Սարգսյանը իրողություն համարեց խորհրդարանական կառավարման համակարգը, երբ պաշտոնական տվյալները դեռ հայտնի չէին, Հերմինե Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Թվերը, որոնք ունենք՝ մասնակցության իմաստով, այնքան խոսուն են, այնքան մեծ է տարբերությունը, որ քաջ իմանալով բողոքների քանակը, ծավալը, պարզ երևում էր, որ դրանք հանրաքվեի արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չէին կարող: Եվ դա արդարացի հիմք է տալիս, որ նախագահը ևս կասկած չունենա ու իր քայլերն ըստ այդմ կատարի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել