Այն, որ Ադրբեջանում ֆեոդալական կարգեր են տիրում, վաղուց է հայտնի այդ երկրի սահմաններից դուրս: Հայր ու որդի Ալիևների ստեղծած արևելյան խանությունն ապրում է միջնադարի օրենքներով, և սրա ապացույցները քիչ չեն: Բանը հասել է այնտեղ, որ ադրբեջանական հայտնի կայքը «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» խորագրի ներքո հրապարակել է մի հոդված Սալյանի շրջանի ղեկավարի մասին` վերջինիս համեմատելով հռոմեացի կայսեր հետ (իհարկե, հոդվածագիրը չափազանցրել է հռոմեացու, այն էլ կայսեր նմանվելու իր խեղճ ազգակցի հնարավորությունը, բայց սա չէ կարևորը): Հոդվածը զարդարող լուսանկարում պատկերված են միմյանց դիմաց շարքեր կազմած և վարդերը ձեռքներին բարձր պահած մոտ մեկուկես տասնյակ պատանիներ:
Նրանց կազմած միջանցքով փողկապավոր մի մարդ է քայլում: Բայց ավելի լավ է մեջբերենք մի հատված Յուսիֆ Ալիևի հրապարակումից.
«Դուք ամե՞ն ինչ հասկացաք: Ես արդեն ոչինչ չեմ հասկանում այս երկրում: Թվում է, թե կենտրոնական իշխանությունը կորցնում է ֆեոդալական տարածաշրջանների հսկողությունը: Աբսուրդի այս թատրոնն այլ բացատրություն չունի: Ադրբեջանը վերադարձել է մռայլ միջնադար, և հեռու չէ այն օրը, երբ գործադիր իշխանության ղեկավարները կսկսեն վերականգնել ֆեոդալական կարգերը և դրանց սրբազան վերապրուկը` ամուսնական առաջին գիշերվա իրավունքը: Չէ՞ որ անկումն անվերջ է լինում…»:
«Դուք ամե՞ն ինչ հասկացաք: Ես արդեն ոչինչ չեմ հասկանում այս երկրում: Թվում է, թե կենտրոնական իշխանությունը կորցնում է ֆեոդալական տարածաշրջանների հսկողությունը: Աբսուրդի այս թատրոնն այլ բացատրություն չունի: Ադրբեջանը վերադարձել է մռայլ միջնադար, և հեռու չէ այն օրը, երբ գործադիր իշխանության ղեկավարները կսկսեն վերականգնել ֆեոդալական կարգերը և դրանց սրբազան վերապրուկը` ամուսնական առաջին գիշերվա իրավունքը: Չէ՞ որ անկումն անվերջ է լինում…»:
Այս անկեղծ նախաբանով սիրտը թեթևացնելուց հետո լրագրող Յուսիֆ Ալիևը տալիս է պատանիների շարքերի միջով առաջացող մարդու անունը` Սալյանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Թահիր Քերիմով: Պարզվում է` այս կարծես թե պատկառելի չինովնիկը շարք է կանգնեցրել բարձրդասարանցիներին, ովքեր նրան դիմավորում են վարդի թերթիկներով: «Այդպես դիմավորում էին հռոմեացի կայսրերին` Գայոս Հուլիոս Կեսարին, Կալիգուլային, Ներոնին…,- գրում է ադրբեջանցի լրագրողն ու հավելում. Դուք միայն տեսեք, թե ինչ հավակնոտություն է պարփակված Թահիր անունով և Քերիմով ազգանունով այս տգեղ, փնթիավուն ու ցմփոր պաշտոնյայի մեջ: Եվ ինչքան կոմպլեքսներ: Երևի մի ժամանակ նրան այնքան խիստ են նվաստացրել, որ նա որոշել է վրեժ առնել ամբողջ աշխարհից: Եթե դուք ենթադրում եք, որ շրջանի ղեկավարը թատերական ներկայացում է սարքել և որոշել է բեմում մարմնավորել դերասանի կերպարը, ապա նույնպես սխալվում եք: Այս լուսանկարն ահա արդեն երկու տարի է, ինչ ի ցույց է դրված Սալյանի շրջանի գործադիր իշխանության պաշտոնական կայքում: Եվ միայն մի «քթի մազ» բլոգեր, թափառելով այդ տարօրինակ կայքերով, պատահաբար գտել է սույն սքանչելի լուսանկարը»:
Լրագրող Յուսիֆ Ալիևի հոդվածի ավարտը նույնքան գրավիչ է, և մենք չենք կարողանում մեզ զսպել այն նույնպես ընթերցողին ամբողջությամբ ներկայացնելու գայթակղությունից. «Պարզապես շատ հետաքրքիր է, թե շրջանի ղեկավարի այս ներկայացումն ինչ կերպ կընկալեն նախագահի աշխատակազմում: Եվ չինովնիկները նախագահին կպատմե՞ն արդյոք մեկ այլ չինովնիկի այս հանդուգն վարքագծի մասին: Ի դեպ, մինչև Սալյանի շրջանի ղեկավար նշանակվելը Թահիր Քերիմովը զբաղեցրել է «Կասպիեն ֆիշ» կոնցեռնի նախագահի պաշտոնը: Գուցեև նախագահին չասեն: Նրանք չեն ասի, որ ահա այնպիսիները, ինչպիսին Թահիր Քերիմովն է, Ադրբեջանը վերածել են պոտյոմկինյան գյուղերի հետևում թաքնված ֆեոդալական կալվածքի: Սալյանի կայսր և կեղեքված ժողովուրդ… Ամոթ է ու վիրավորական հայրենիքի համար»,- եզրափակում է ադրբեջանցի լրագրողը:
Նրա ասածին հազիվ թե անհրաժեշտ լինի որևէ բան ավելացնել` բացի այն, որ Քերիմովի նմաններն «աճում ու բազմանում են» երկրի բարձրագույն ղեկավարության գիտությամբ ու թողտվությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1514875478812941&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել