Գաղտնիք չէ, որ էներգետիկ ոլորտի կայունությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, ուստի շատ կարևոր է ձեռք առնել դրա զարգացման համար անհրաժեշտ միջոցներ: Այսօր տեղի ունեցած գործադիրի նիստում հաստատվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խոսքով, հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումներն ու Իրանի, ՌԴ-ի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2036թ.) էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է սույն ծրագիրը:
Վերը նշված ծրագրի նպատակն է ստեղծել ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը:
Հատկանշական է, որ փաստաթուղթը ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումներն ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի ապահովել ամբողջ էներգահամակարգի երկարաժամկետ զարգացումը:
Հարկ է նշել, որ փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի, և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը:
Հարցի քննարկման ավարտին վարչապետը նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ այս ոլորտը մեր երկրի տնտեսության ողնաշարն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1514858608814628&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել