Panorama.am-ը գրում է.
«Ադրբեջանական կողմի ձեռագիրն անփոփոխ է՝ կայուն պարբերականությամբ լարվածության օջախներ ստեղծել հայկական պետությունների հետ սահմանի տարբեր հատվածներում: Պետք է իրատես լինել՝ պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը հեռանկարում անփոփոխ է մնալու: Ըստ այդմ՝ պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է ցանկացած զարգացումների»,- անդրադառնալով` ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ արձակված տանկային կրակոցին, «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Ըստ նախարարի խորհրդականի, հավանական է, որ լարվածության այս հերթական փուլը կարող է հրահրված լինել Թուրքիայի կողմից: Նա նաև փաստեց, որ սահմանային լարվածության անընդհատության պահպանումը նախագահ Ալիևի իշխանության «ոճական առանձնահատկություններից» է:
«Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Ահա մեր դեմ Ադրբեջանը հենց այդպիսի հիբրիդային պատերազմ է տանում, և սահմանային անընդմեջ լարվածությունն այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է»,- նշեց Ջամալյանը:
Հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ սահմանային այս տեսակ լարվածությունը վերածվի լայնածավալ պատերազմական գործողությունների, նախարարի խորհրդականը տվեց բացասական պատասխան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել