Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Թուրքիայի իշխանությունների պահվածքը, որոնք երկրից արտաքսել են «Ռոսիա 1» հեռուստաընկերության նկարահանող խմբին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Դեկտեմբերի 7-ին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդման նկարահանող խումբը ձերբակալվել է Թուրքիայի` Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում այն պահին, երբ նրանք ցանկացել են գնալ հարևան Գազիանթեփ նահանգ:
Ձերբակալողները եղել են անհայտ անձինք, ովքեր մերժել են փաստաթղթերը ցույց տալու և ներկայանալու օրինական պահանջը: Ռուսական նկարահանող խմբին տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ հայտնել են, որ նրանց արտաքսելու որոշում է կայացվել` «Թուրքիայի Հանրապետության տարածքում օտարերկրյա լրագրողների գործունեության մասին կանոնները խախտելու» պատճառաբանությամբ»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում հրաժարվել են միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ ներկայացնել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին:
Գերատեսչությունը կասկածներ է հայտնել, որ լրագրողներին արտաքսել են այն բանի համար, որ նրանք թուրք-սիրիական սահմանին բացահայտել են Թուրքիայի կառավարության համար ոչ ձեռնտու անօրինական գործողություններ:
Բացի այդ, Մոսկվայում այս պատահարը համարում են Թուրքիայում օտարերկրյա լրատվամիջոցների իրավունքների բազմաթիվ խախտումների ևս մեկ օրինակ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/08/moscow/1868782
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



