Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակուղային իրավիճակում է: Նրան դժվար է ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռի միջադեպի պատճառով, քանի որ դրանով իսկ նա կընդունի իր թուլությունը: Անգամ եթե նա չի ընդունում իր մեղքը, Անկարային լուրջ հետևանքներ են սպառնում. գրում է Frankfurter Rundschau-ն:

Մոսկվայի պատժամիջոցները դեռևս սահմանափակվել են տուրիզմի ու ներմուծման նվազեցմամբ, սակայն Վլադիմիր Պուտինը դեռ չի օգտագործել գլխավոր խաղաքարտերը:

Թուրքիան ռուսական բնական գազից կախում ունի, բացի այդ ՌԴ պետք է կառուցի թուրքական առաջին ատոմակայանը: Էրդողանին դժվար կլինի հակազդել դրան. գրում է հոդվածագիրը:

Ու եթե խոսքը սիրիական հակամարտության մեջ ռազմական ներկայությունն ավելացնելն է, Ռուսաստանի ու Թուրքիայի ճգնաժամի սրման վտանգն ավելանում է:

Երբ ռուսական կործանիչները ներքաշվեցին Սիրիայում քաղաքական պատերազմի մեջ, Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ ոչ թռիչքային գոտի ստեղծելու Թուրքիայի գաղափարը տապալվեց: Թուրքիայի համար այդ նախաձեռնությունը կապ չուներ ջիհադականների դեմ պայքարի հետ, այլ պետք է երկիրը պաշտպաներ սիրիացի քրդերից, որոնք լուրջ սպառնալիք են Էրդողանի իշխանության համար:

Եթե Սու-24 ինքնաթիռի միջադեպը իբր զգուշացում էր Մոսկվային, ապա Էրդողանը մեծապես սխալվեց. ոչ ոք չի կարող ագրեսիա դրսևորել Ռուսաստանի հետ հարաբերություններում ու անպատիժ մնալ: Իսկ Թուրքիայի համար դժվար ժամանակներ են սկսվում: Երկիրը կարող է առաջիկայում բախվել Իրաքի հետ, ինչն ավելի կապակայունացնի երկիրն ու Էրդողանի համար իսկական աղետ կլինի:

Ռուս-թուրքական ճգնաժամը վերջին բանն է, ինչ այժմ պետք էր աշխարհին, գրում է պարբերականը: Այդ պատճառով աշխարհի առաջատար երկրները, մասնավորապես եվրոպական, պետք է Էրդողանին ցույց տան, թե որքանով է ինքը սխալ եղել և օգնել, որպեսզի Թուրքիան դուրս գա այն ծուղակից, որն ինքն էր լարել իր համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել