Հայ Ազգային Կոնգրես՝ այն ուժը, այն քաղաքական միավորը, որի կայացման, ամրապնդման ու գաղափարների, իդեալների հասարակական կայացման ճանապարհին ներդրել եմ գրեթե ամեն ինչ, ինչ կարող էի... ՀԱԿ-ում անցան (ու անցնում են) իմ երիտասարդական և ուսանողական երանելի տարիները այն պարզ պատճառով, որ շարժումը առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր ողջ խոհեմությամբ և պետականամետ մտածողությամբ հանդերձ: 
Եվ այսօր ինչքան էլ փորձեն շահարկել Տեր-Պետրոսյանի դնել-չդնելը և քննել նրա պատմական դերն ու պատմության մեջ ունեցած նշանակությունը, ես այսօր էլ վստահում եմ իր հեռատեսությանը, որովհետև նախագահը միշտ փայլել է իր պրագմատիկ, իրավիճակը խորը, մանրազնին վերլուծելու, գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու ունակությամբ և վստահաբար նորից կհաստատի դա:
Մեր նոր հանրապետության քաղաքական կյանքը, որքան էլ տեղատվությունների ու մակընթացությունների մեջ է, այնուամենայնիվ, այդ կյանքում ձեւավորվեցին քաղաքական դիմագիծ ունեցող գործիչներ, ովքեր ընդգծվում են իրենց անհատականությամբ ու կամային որակներով։ Որպես խարիզմատիկ առաջնորդ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի... 
Ով կարողացավ պատմության մեջ իր մեծ դերակատարումը ունենալ՝ որպես հազարամյա դադարից հետո հող ազատագրած ու պետություն հիմնադրած քաղաքական գործիչ: Նա կարողացավ գլխավորել ազգային-ազատագրական պայքարը, և բոլոր դժվարություններով ու տառապանքներով հանդերձ՝ վերջիվերջո ազատագրվեց Արցախն ու հռչակվեց անկախ Հայաստան:
1998թ. նա հեռացավ նախագահական նստավայրից՝ հանուն Արցախի և պատմության դասագրքերում մնաց որպես նախագահ, ում համար նախագահի աթոռը զրոյական արժեք ունի, երբ այդտեղ կարող են խաչվել մարդկային կյանքեր:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարեց մի մեծ պատմական առաքելություն ևս, որով նա երկրորդ անգամ ազգը հանեց ոտքի՝ իր ազգային արժանապատվությունը պահպանելու համար` հանուն կենսաբանական անվտանգության: Քոչարյանի իշխանության ժամկետը լրանալու եւ նոր ընտրությունների նախաշեմին քաղաքականություն վերադարձավ այնտեղից, որտեղ սկսել ու ավարտել էր իր իշխանությունը, այն իշխանությունը, որ իրեն տվել էր ժողովուրդը, եւ հայտարարեց ծառայելու իր պատրաստակամության մասին, այսինքն՝ խարիզմատիկ առաջնորդի ողորմածության գիտակցությամբ։ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն հիմնավորված էր ժողովրդի վստահությամբ, նրանով, որ ժողովրդի հետ եւ հանուն ժողովրդի ճանապարհ էր անցել, վերադառնում էր ժողովրդից մի ժամանակ հեռանալու մոլորությունը գիտակցած, եւ ժողովուրդն իր իմաստնությամբ ներեց ու ընդունեց նրան։ 
P.S.
Եվ քաղաքական այս մռայլ իրականության մեջ ժողովուրդը նորից սպասում է իր առաջնորդի խոսքին և գործողության ՀՀՇ 17-րդ համագումարից առաջ: Իսկ ՀՀՇ-ն եղել է եւ մնում է քաղաքական այն դերակատարը, որը 1988-89թթ.-ին դարձավ ազգային զարթոնքի առաջամարտիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել