Այն, որ նախօրեին սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում տեղ գտած բոլոր խախտումների վերաբերյալ անգամ համացանցում տեղ գտած տեղեկությունները պետք է ստուգվեն, իսկ անհերքելի փաստերի առկայության դեպքում դրանց հեղինակները պետք է պատժվեն, կարծում եմ, աներկբա է: Իմ խորին համոզմամբ՝ միայն այս կերպ կարելի է պայքարել տարբեր տրամաչափի զեղծարարների ու կեղծարարների դեմ: Բայց երեկվա ընթացքում «աչք ծակեցին» նաև մի շարք երևույթներ, որոնք իրենց հանրային վտանգավորությամբ և արատավորությամբ պակաս խնդրահարույց չէին: Նախ` ամբողջ օրվա ընթացքում «Ոչ»-ի ակնհայտ քարոզչություն էր իրականացվում, որն օրենքի կոպտագույն խախտում էր: Ընդ որում, դա շատ դեպքերում իրականացվում էր բիրտ քարոզչական սխեմաներով և որ ավելի վտանգավոր է` քվեաթերթիկները զանգվածաբար անվավեր դարձնելու անհեռատես դրսևորումներով: Հակված չեմ այն մտքին, որ սա նախապես մշակված տեխնոլոգիա էր՝ հանրաքվեի դերն ու հանրային նշանակությունը նսեմացնելու նկատառումներով իրականացված, հնարավոր է՝ ինքնաբուխ և պահի տակ արված գործողություն էր, սակայն այն շատ արագ «հեղեղեց» համացանցի ամբողջ հայկական տիրույթը: Հաջորդը եղած ու չեղած խախտումներն արագ տիրաժավորելու և մի էպիզոդը տասնյակ տարբեր վարիացիաներով շրջանառելու պրակտիկայի կիրառումն էր, որն իմ տպավորությամբ նախապես մշակված տեխնոլոգիա էր: Այս կարծիքն ավելի հիմնավոր դարձավ արդեն ընտրատեղամասերից առաջին արդյունքների ներկայացման ընթացքում: Երեկոյան մոտավորապես ժամը 21.00-ից սկսած բացառապես շրջանառվում էին «Ոչ»-ի համոզիչ հաղթանակը փաստող տվյալներ և դրանք նորից տասնյակ, գուցե հարյուրավոր անգամներ շրջանառելու տարատեսական տարբերակներով: Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ սա նախորդ տեխնոլոգիայի կիրառման տրամաբանական շարունակությունն էր: Բնականաբար, նպատակը մեկն էր, ամեն գնով տպավորություն ստեղծել, որ հանրաքվեն ծայրից ծայր կեղծված է: Քաղաքական PR լավ ուսումնասիրած մարդիկ, անշուշտ, գիտեն այս տեխնոլոգիաների մասին... Ինչևէ, սրանք էին երեկվա քվեարկության PR «աջակցության» կարևոր առանձնահատկությունները:
Հ. Գ. Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս եղան այսպես կոչված արջի ծառայություն մատուցողներ, ում թվում է, թե ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «իրենք են Ֆրանսիան փրկել»: Տղերք, հաստատ էդպես չի, դուք մոլորության մեջ եք. իրականում Ձեր ոչ ադեկվատ վարքագծով ավելի շատ խանգարում, քան օգնում եք... Ես հաստատապես չէի ցանկանա, որ դուք որևէ մասնակցություն ունենայիք մեր երկրի համար կարևորագույն գործընթացներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/556909494463051
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել