Մենք համարում ենք սահմանադրության հանրաքվեն կայացած, որի արդյունքում ունենք նոր Սահմանադրություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Իհարկե, հանրաքվեն տվել է նաև այնպիսի արդյունքներ, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք կա: Այն պատկառելի քանակը, որ «Ոչ»-ն է արձանագրել, խորհելու տեղիք է տալիս, բայց դա նաև համահունչ է քարոզարշավի ընթացքում մեր ունեցած տպավորությանը, երբ մարդիկ «ոչ»-ով իշխանության վարած քաղաքականությանն են դեմ արտահայտվում»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ են ունեցել, ահազանգեր ստացել են, բայց կանխել են որոշ խախտումները: «Մնացած խախտումների մասին, քանի ստուգված չեն, դրանք միակողմանի են ու մենք չենք կարող միայն մեկ կողմի հայտարարություններով ուղղորդվել, երբ իրենք նախապես հայտարարում էին, որ հանրաքվեն կեղծվելու է, որ մեքենան պատրաստված է դրան և այլն»,- նշեց Ռուստամյանը:
Պատգամավորն ասաց, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցկացվել է հին ընտրական համակարգի բոլոր թերություններով հանդերձ, ինչը պետք է արմատապես փոխվի նոր Սահմանադրության շնորհիվ: «Արդյունքների նկատմամբ մոտեցումը գալիս է ընտրական համակարգի նկատմամբ անվստահությունից, որը տարիների ընթացքում կուտակվել է»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե ինչպես կարող եք ընդունել մի հանրաքվեի արդյունքներ, որի ժամանակ կաշառք է բաժանվել, շպատ օգնության մեքենայով մարդիկ են տեղափոխել, ՀՀԿ-ական շտաբերում «սենդվիչներ» են բաժանել, Ռուստամյանը հակադարձեց. «Դրանք հետո ստուգվել են, հերքվել են, այնպես չէ, որ բոլոր այդ խախտումները հալած յուղի տեղ պիտի ընդունենք, որպես կատարած փաստ պիտի ներկայացնենք ապացուցվածը: Ընտրակաշառք են բաժանել՝ պետք է փաստվի, ապացուցվի… Այո՛, լինում են կեղծիքներ, բայց արձանագրվա՞ծ է այն ծավալը, որը ազդել է հանրաքվեի արդյունքների վրա: Նման բան գոյություն չունի, այդ ծավալը չկա»:
Tert.am-ի հարցին, թե համաձա՞յն եք գնահատականների հետ, որ ԿԸՀ-ում արդյունքները նկարվել են, Արմեն Ռուստամյանը կարճ պատասխանեց՝ոչ: Ապա, պատասխանելով հարցին, թե վստա՞հ եք, որ 800 հազար «այո» ասողները գիտակցված են քվեարկել, Ռուստամյանն ասաց, որ ոչ մեկին սպառնալիքով կամ ահաբեկմամբ չեն տարել տեղամասեր:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, լինելով ընդդիմադիր, իշխանություններից լավ աշխատեցին, Ռուստամյանը շեշտեց. «Էդ ասողների նպատակը հստակ է՝ ստվեր գցել ամեն ինչի վրա: Իրենք համարում են, որ միայն իրենք են ճիշտը, այդ մարդկանց՝ վաղուց ենք տեսել: Նրանց մեկնաբանել չեմ ուզում: Հասարակության անունից մի խոսեք, մենք էլ ենք այդ հասարակության մեջ, եղել է «ոչ»-ի բավական պատկառելի զանգված, «այո»-ի պատկառելի հատված: Բոլոր ժամանակ դա եղել է, մենք ունենք հիվանդ, արատավոր համակարգ, ընտրական արատավոր համակարգ ու մենք դրանից ենք ուզում ազատվել: Խախտումներն արձանագրելուցի հաճո՞ւյք ենք ստանում, էդ արձանագրելը ոչինչ չի փոխում մեր երկրում»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/07/rustamyan/1867380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



