PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25 տոկոսը:15:34 Hetq.am կայքում «Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մարգարա գյուղի դպրոցի տնօրենը տարեց մարդկանց ուղղորդում է քվեարկություն կատարելու։ Հոդվածում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվում է քննություն։
15:32 Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից:
15։30 Բռնություն լրագրողի նկատմամբ։10/20 տեղամասում (Երևան, թիվ 114 դպրոց) ՀՀԿ վստահված անձը կոտրում է Իլուրի թղթակցի ֆոտոխցիկը: Ներկայումս վստահված անձը բերման է ենթարկված ոստիկանական բաժանմունք։
15:09 Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը և դատախազության տարածքային ստորաբաժանումներն ընտրական իրավունքի խախատումների վերաբերյալ գրավոր դիմում- հաղորդումներ չեն ստացել: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը:
15:03 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին: Վերջինսգոհունակությամբ է խոսել ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի մասին:
14։59 Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ահազանգում է, որ11/3 տեղամասում լուսանկարում նշված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստով քվեարկել է:

14:52 «Ոչի» համատեղ շտաբը հայտարարություն է տարածել լրացուցիչ ցուցակների վերաբերյալ, որում կեղծիքի ակնայտ մեխանիզմ է անվանում նշված ցուցակներով քվեարկությունների ընթացքը:
14։45 Գյումրիի 19 դպրոցում, որտեղ տեղակայված է 33/77 ընտրատեղամասը, 12:40-ի հատվածում ծեծկռտուք է արձանագրվել։ Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, հայտնում է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը: Ըստ աղբյուրի՝ մի ընտրող և մի անծանոթ, որոնք պարբերաբար ելումուտ են արել տեղամաս, վեճ ու ծեծկռտուք են սարքել, որից հետո երկուսն էլ հեռացել են տեղամասից:
14։43 Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր նախապատրաստել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առիթվ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, փոխանցում է«Ազատություն»-ը։ Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տևական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրողի աշխատանքը, հրում, քաշքշում, թքում լրագրող վրա՝ նրան թույլ չտալով մոտենալ շտաբին: Ընդ որում, «Այո»-ի շտաբի մոտ խմբված մարդկանցից որևէ մեկը փորձ չի անում կասեցնել տիկնոջ գործողությունները: Տարածքից բացակայում են նաև ոստիկանները:
14։27 Սոցիալական ցանցերում այս պահին տարածվում ու քննարկվում է մի լուսանկար, որտեղ պատկերված է 16/48 տեղամասի քվեատուփը: Քվեատուփում ծրարները համաչափ դասավորված են, ինչն առաջացրել է օգտատերերի զարմանքն ու կասկածները: Կարծիք կա, որ տեղի է ունեցել լցոնում: Panorama.am-ի փոխանցմամբ՝ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մասիս Ղազարյանն ասել է, որ կապ է հաստատել տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ, իրեն հավատացրել են, որ ոչ մի խախտում այդ տեղամասում չի կատարվել: Հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացուցիչ ունի, իսկ տեղամասում ՀԱԿ-ը վստահված անձ:

Լուսանկարը՝ թվիթերյան էջից։
14։24 Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության ծառայողից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 3/18 ընտրատեղամասում իրեն է մոտեցել նույն ընտրատեղամասի հանձնաժովի նախագահը և հայտնել, որ մի քաղաքացի փորձել է քվեաթերթիկներ հանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.25-ին, 1996 թ. ծնված Նազարեթ Մ.-ն քվեարկության է ներկայացել ընտրատեղամաս, և նրա տաբատի հետևի գրպանում եղել է իր ձեռքով գրառված 17 քաղաքացիների տվյալներով թուղթ: Կատարվում է քննություն:
13։49 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրության իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Բառանովը լրագրողներին ասել է, որ մինչ այս պահը դիտորդները որևէ լուրջ խախտման չեն հանդիպել, հանրաքվեն անցնում է խաղաղ և օրենքի սահմաններում, փոխանցում է tert.am-ը։
13:30 Ադրբեջանն այս օրերին փորձում է ապակայունացնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը՝ փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հայտնում է ԼՂ ՊԲ-ն. ականանետային կրակից վիրավորվել է ՊԲ զինծառայող:
13։14 Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 31 ահազանգ. չորս ահազանգ ստացել է հենց հանձնաժողովը, որոնցով կատարվում է քննություն, 27 ահազանգ հանձնաժողովը վերցրել է լրատվական կայքերից, թեժ գծից, տարածքային մարմիններն են դիմել ոստիկանություն, կատարվում են համապատասխան ստուգումներ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը, փոխանցում է Panorama.am-ը։ Նա նշեց, որ ահազանգերից հինգը վերաբերում է քվեարկությունն ուղղորդելու դեպքերին, չորսը՝ լրագրողական գործառույթների խոչընդոտմանը, չորսը՝ դիտորդական գործունեության խոչընդոտման դեպքերին, երեքն ընտրակաշառքի վերաբերյալ են:
Կատարվում են ստուգումներ, որից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ըստ ենթակայության կուղարկվեն համապատասխան տարածքներ: Նա ասաց, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:
12։57 Երևանի 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Վերջինս եկել էր իր թոռնիկի ուղեկցությամբ, ով ի դեպ առաջին անգամ էր քվեարկում, հայտնում է tert.am-ը։Լրագրողների հետ զրույցում Տեր–Պետրոսյանն ասաց, որ ողջ ժողովրդին կոչ է անում գալ ու քվեարկել:«Թող գան և ազատորեն, առանց կամքին բռնանալու քվեարկեն: Մի բան հաստատ գիտեմ, որ որքան իրական մարդ գա և քվեարկի, կրկնում եմ՝ իրական մարդ, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,- ասաց առաջին նախագահը:
12։29 Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 հանրաքվեի տեղամասում քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը:
12։28 Ժամը 11:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 201 հազար 259 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 7,84 տոկոսը, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
12:20 9/28 տեղակասում «Ժառանգության» վստահված անձը ահաբեկվել է և դուրս է հանվել տեղամասից, հայտնում է Transparency International կազմակերպությունը:
11։45 Դեկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ոստիկանության «Թեժ գծով» ստացվել է 5 զանգ՝ երկուսը մարզերից, երեքը՝ Երևան քաղաքից.
- մի քաղաքացի հայտնել է, թե գտնվում է Նորք Մարաշի հիվանդանոցում և ցանկանում էր իմանալ՝ ինչպե՞ս մասնակցել հանրաքվեին,
-Վաղարշապատից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ է քվեարկել Երևանում, - քաղ. Ա.-ն էլ անձնագիրը չէր ստացել, ցանկանում էր տեղեկանալ, թե այսօր կարո՞ղ է ստանալ, - երկու քաղաքացիներ խնդրում էին տրամադրել անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը: «Թեժ գծով» ստացված բոլոր հարցերին տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ից ոստիկանությունում գործում է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14 հեռախոսահամարներով: Միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, գործում է 010-52-42-28 հեռախոսահամարը, ԱՊՀ դիտորդական առաքելությունների հետ կապի համար՝ ռուսերեն լեզվով՝ 010-57-31-39 հեռախոսահամարը:
11։31 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցեցին Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 9/11 ընտրատեղամասը:
Մինչ քվեախցիկ մտնելը Սերժ Սարգսյանը ողջունեց ընտրատեղամասում ներկա լրագրողներին, սակայն հարցերին խոստացավ պատասխանել հանրաքվեի ավարտից հետո:
11:27 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկն այն քվեատուփ գցելուց առաջ՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» խոսքերով: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը հայտարարեց, որ դիմեց այդ քայլին «Հանրապետական կուսակցապետությունը մերժելու համար»:
11։21 Ավան ՔՀԻ շրջիկ մեքենաները հինգ տարբեր ընտրատեղամասերի մոտ (1/01, 1/02, 1/03, 1/04, 1/12, 1/16) նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու: Այս մասին հայտնել է դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։Ըստ նույն կազմակերպության` ժամը 10:18-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Տիգրան Պապանյանը սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:
11։15 Դեկտեմբերի 6-ին, ժամը 8.30-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Քվեատուփը փոխվել է: Ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Կատարվում է քննություն:
11։09 ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այս պահի դրությամբ ընթացող հանրաքվեի ընթացքի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել: Հանրաքվեի նշանակման օրվանից՝ հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 22 դիմում:
11:01 «Նոր Հայաստան» միավորումը հայտնում է, որ հանրաքվեի գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում 2015 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, 15:00-ին և 18:00-ին հրավիրում է մամուլի ասուլիսներ: Երեկոյան՝ ժամը 20:00-ից հետո, հանրաքվեի գործընթացի վերաբերյալ տեղեկույթը պարբերաբար կհաղորդվի հանրահավաքի ձևաչափում:
10:47 «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
10:41 Ընտրախախտումներն արձանագրելու ու դրանց արձագանքելու համար մի շարք կազմակերպություններ թեժ գծեր են բացել: Այսպես, գործում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ թեժ գիծը՝ 010 582-819. 098 582-819, 0-8000-1333 հեռախոսահամարներով,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի թեժ գիծը՝ 080-080-804, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գիծը՝ 0 8000 12 11 Իրավունքի Եվրոպա միավորման թեծ գիծը՝ 010 500-665, 099 588-576: Լրագրողները խոչընդոտների հանդիպելու դեպքում կարող են զանգահարել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ 010 53-38-95, 093 10-70-85:
10։38 Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները
10:34 Կան ահազանգեր ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ: Նոր Նորքում 1/24 ընտրատարածքում գրանցած«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի»դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, տեղամասում այլ դիտորդներ չկան:ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ: Նույն կազմակերպության 1/4 ընտրատեղամասում գրանցված դիտորդինառավոտյան չեն թողել ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:
10:11 Ոստիկանության հաղորդմամբ, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում առկա են 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրող, որոնք տարբեր անձինք են: Դրանց ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:



