Lragir.am-ը գրում է.
Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակից, փորձագետ Ալին Օզինյանն ասում է, որ «Ցարն ու Սուլթանը երկուստեք փորձում են յուրաքանչյուրի դիմակայության աստիճանը: Երկու լիդերներն էլ օգտագործում են բավական կոպիտ հեռակա բանակցային լեզու, որին քաջատեղյակ են թե իրենց երկրների ներքին լսարանը, թե միջազգային մամուլը: Եվ ՌԴ նախագահ Պուտինը, և Թուրքիայի նախագահ Էրդողանն ավտորիտար առաջնորդներ են՝ «երկրում միակ տղամարդու» իմիջով, և ձգտում են այս իրավիճակում պահպանել սեփական դեմքը` բանակցությունները թողնելով ԱԳ նախարարներին:

Միևնույն ժամանակ, երբ հարցը վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների տնտեսական ասպեկտին, համաշխարհային մասշտաբի այս երկու «լավ տղերքը» միշտ էլ գտնում են փոխադարձ շահավետ լուծումներ, և նրանց հարաբերություններում գերակշռում է պրագմատիզմը»:

Ալին Օզինյանը հայ հանրությանը խորհուրդ է տալիս չոգեւորվել ռուս-թուրքական լարվածությամբ: Պետք է նշել, որ ռուս-թուրքական սրմանը հանրության արձագանքն այս անգամ բավական հասուն էր՝ հանրային ավելի ու ավելի լայն շերտեր արդեն սկսել են ըմբռնել ռուս-թուրքական հարաբերությունների պատմա-քաղաքական բնույթը եւ ազդեցությունը հայկական խնդիրների վրա, եւ մասնավորապես բավական սթափ արձագանք եղավ ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ:

Շատերն են նկատել, որ Պուտին-Էրդողան «փոխհրաձգությունից» դուրս Ռուսաստանն ու Թուրքիան բավական զգույշ են վերաբերվում ռազմավարական ոլորտներին, խուսափելով կոշտ քայլերից: Բացի այդ, տարածաշրջանում առաջացել է լիովին նոր իրավիճակ, երբ այս երկու երկրները հայտնվել են գրեթե միանման՝ բավական աննպաստ տնտեսական ու քաղաքական իրավիճակում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակները Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտված են հաղթահարել միասին, ընդ որում՝ հիմնականում իրար միջեւ դիմակայություն ստեղծելու միջոցով:

Թվում է առեղծված, սակայն ռուս-թուրքական հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարդյունավետ մեխանիզմն է եւ ընդգծում է ռուս-թուրքական հարաբերությունների յուրահատուկ բնույթը:

Թուրքիան ու Ռուսաստանը ներկայում ենթարկվում են միջազգային մեկուսացման ու շրջափակման քաղաքականության, ընդ որում՝ որոշ տարածաշրջաններում նրանց հանդեպ կիրառվում է «համատեղ զսպման» քաղաքականությունը: Այս իրավիճակից միակ ելքը հակամարտությունն է, որի արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան պետք է փորձեն նոր իրավիճակի արդյունքում առաջացած խնդիրները լուծել «սեպարատ»՝ առանց երրորդ երկրների միջամտության: Նման մեխանիզմի օրինակներ են 1921 թ. Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, որոնք միջազգային որեւէ ուժ չունեին, սակայն դրանցով Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ կարողացան չեզոքացնել միջազգային այլ պայմանագրերի սպառնալիքը եւ իրար մեջ բաժանել տարածաշրջանը:

Ռուսական ինքնաթիռի խոցումը բարենպաստ հանգամանք է դարձել ռուս-թուրքական ներկայիս կարգավորման համար: Ընդ որում, առաջին քայլը եւ առաջարկն այդ ուղղությամբ անելու են ռուսները, քանի որ թուրքերի համեմատ նրանց թե դիրքերն են ավելի թույլ, թե տնտեսական ու այլ բնույթի լծակներն են ավելի քիչ: Ռուսական պատժամիջոցները ավելի շատ հարվածում են իրենց, քան Թուրքիային, որը դեռ չի շտապում պատասխան քայլեր ձեռնարկել՝ սպասելով Մոսկվայի «առաջարկին»:

Այն երեւում է շատ չի ուշանա, մանավանդ որ կոշտ հռետորաբանության տողատակերում նկատելի է հարաբերությունները շտապ կարգավորելու ցանկությունը: Մոսկվան նաեւ նշել է համապատասխան գինը, որը Պուտինն արդեն ձեւակերպել է ՌԴ Դումային իր ուղերձում:

«Մենք պատրաստ էինք Թուրքիայի հետ համագործակցել նրա համար ամենազգայուն հարցերով եւ պատրաստ էինք գնալ այնքան հեռու, որքան նրա դաշնակիցները ցանկություն չունեին գնալ», ասել է Պուտինը:

Որո՞նք են Թուրքիայի համար այդ զգայուն հարցերը, որոնք նաեւ մտնում են Ռուսաստանի «իրավազորության» մեջ: Բնականաբար, հայկական խնդիրները՝ Ցեղասպանություն, Արցախի հարց: Թերեւս այդ պատճառով են Հայոց ցեղասպանության հարցը մտցրել Պետդումա: Նաեւ զուր չեն Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը վերանայելու վերաբերյալ վերջերս հաճախակի դարձած կոչերը:

1915-1923 թթ. Ռուսաստանն այս «զգայուն հարցերի» շուրջ լայնորեն համագործակցել է Թուրքիայի հետ, նրան բառացիորեն փրկելով կործանումից: Ռուսաստանը «յուրահատուկ դեր» է ունեցել հայերի կոտորածների ու տեղահանության շրջանում, հետագայում զորքով օգնել է Թուրքիային՝ պահպանելու պետականությունը, արդեն խորհրդային իշխանության օրոք թույլ է տվել թուրքական զորքի մուտքը խորհրդային Հայաստան, որտեղ մինչեւ 1923 թ. ռուսական ու թուրքական զորքերը համատեղ շարունակել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը դեպի Ռուսաստանի խորքեր (համապատասխան արխիվային փաստաթղթերը հրապարակվել են մամուլում): Ռուսաստանը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով հայկական տարածքները նվիրել է Թուրքիային, Ղարաբաղն ու Նախիջեւանը նվիրել է Ադրբեջանին:

Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի հանդեպ առանձնապես չի տարբերվում այդ տարիների քաղաքականությունից: Հայաստանի սուբյեկտությունը եւ հայկական գործոնը ոչնչացվում է, բնակչությունը փաստացի տեղահանվում է Ռուսաստան՝ այդ երկրից գերկախում ունեցող տնտեսական համակարգի աղետի արդյունքում, Մոսկվան վերջին շրջանում հրապարակայնացնում է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ծրագրերը՝ այնտեղ «խաղաղապահներ» տեղադրելու դիմաց:

Հայաստանի մասով սրանք են այն «զգայուն» խնդիրները, որոնք Մոսկվան ըստ Պուտինի պատրաստ էր իրականացնել հանուն Թուրքիայի հետ խնդիրների կարգավորման:

Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում, եւ արդյոք հնարավոր է այլ իրավիճակ: Տեսականում հնարավոր է, եւ դրա համար անհրաժեշտ է հետեւյալը՝ Մոսկվան պաշտոնապես չեղյալ է անում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, Նախիջեւանի վերաբերյալ համաձայնությունը, ճանաչում է Արցախի անկախությունը, դադարեցնում է Ադրբեջանին զինելը, Պետդումայում ընդունում է այդ օրենքը, եւ ի վերջո «հեռանում է» Հայաստանից: Դրանք կլինեին իսկական դաշնակցին վայել քայլեր:

Կանի՞ Մոսկվան այս քայլերը, թե կգնա թուրքերի հետ «զգայուն հարցերը» կարգավորելու ավանդական ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել