Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ծանր վիճակում հայտնվելը, բնականաբար, բավական խեղճ վիճակի մեջ է դրել Ադրբեջանին, սակայն, այդուհանդերձ, չի բացառվում, որ Ադրբեջանում գտնվեն մարդիկ, ովքեր թուրքական կողմին հաճոյանալու համար անհավասարակշիռ քայլերի գնան: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացմանը, այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

-Պարո՛ն Մելքոնյան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

-Մենք պետք է չափից ավելի զգույշ լինենք, որովհետև Թուրքիան, որ բավական ծանր վիճակում է հայտնվել Ռուսաստանի կոշտ հակադարձման պայմաններում, կարող է զանազան պրովոկացիաներ հրահրել Ադրբեջանի միջոցով. սկզբում Չավուշօղլուի, հետո՝ Դավութօղլուի այցերը Բաքու կարող են նման միտք հուշել բոլորիս, որ նրանք կարող են ղարաբաղյան ճակատում վիճակը սրել, դրա համար պետք է դրան պատրաստ լինենք: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում այդ մասով վտանգներ կան, և մենք պետք է համախմբված լինենք:

-Բայց տարօրինակ չէ՞, որ այս օրերին Ադրբեջանը մի տեսակ պասիվ է: Գուցե մտավախություն ունեն, թե Թուրքիան իր խնդիրների մեջ է և Ադրբեջանի հարցերով չէ, որ պետք է մտահոգվի:

-Ադրբեջանի այս մի տեսակ չեզոք դիրքորոշումները, միայն խաղաղասիրական հայտարարությունները պաշտոնական մակարդակով և կողմերին հաշտեցնելու իրենց կոչերը հենց դա են հուշում: Միանգամայն համամիտ եմ ձեզ հետ, որ այո՛, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ դրան չի գնա, որովհետև այս ամենն անուղղակիորեն հարվածում է նաև նրա շահերին։ Թուրքիայի ծանր վիճակում հայտնվելը, բնականաբար, բավական խեղճ վիճակի մեջ է դրել Ադրբեջանին: Սակայն, բոլոր դեպքերում, քանի որ Ադրբեջանը զանազան թելերով կապված է Թուրքիայի հետ և որոշակի պարտավորություններ ունի նրա, այսպես ասած, արջի ծառայությունների դիմաց, քանի որ Թուրքիան նրան մշտապես ամեն ինչով օգնել, օժանդակել է և՛ դիվանագիտական, և՛ ռազմական խնդիրներում։ Չի բացառվում, որ Ադրբեջանում գտնվեն մարդիկ, ովքեր թուրքական կողմին հաճոյանալու համար անհավասարակշիռ քայլերի գնան:

-Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից  հետո իրենք հաշտվում են, արդյունքում ինչ-որ կերպ Հայաստանն է տուժում: Այս անգամ կարելի՞ է այդպիսի կանխատեսում անել:

-Համենայն դեպս, 2011 թվականին Կարսի չարաբաստիկ պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի և վարչապետ Էրդողանի շատ ջերմ հանդիպումները մեզ հուշում էին, որ նման զարգացումներ ևս չեն բացառվում, որից պետք է նաև զգուշանալ: Պետք է հասկանալ, որ բոլոր դեպքերում գործ ունենք Թուրքիայի հետ, որը մեր դարավոր թշնամին է և ժամանակից առաջ պետք չէ ոգևորվել և այս պարագայում պետք է չափից ավելի զգուշավոր լինել: Չեմ բացառում, որ մի օր կարող է վիճակը փոխվել: Չմոռանանք, 1914 թվականին, երբ առաջին աշխարհամարտը սկսեց, Թուրքիան և Ռուսաստանը ոխերիմ թշնամիներ էին, բայց եկավ 1920 թվականի ապրիլը, երբ Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը՝ նախկին թշնամիները, դարձան բարեկամներ և սրտագին եղբայրության ու բարեկամության պայմանագիր կնքեցին Մոսկվայում: Պարզապես մենք մեր դաշնակցին պետք է ասենք, որ մենք լավ գիտենք, և իրենք էլ պետք է լավ իմանան, որ մենք, լինելով ռազմավարական դաշնակից, միշտ ազնիվ ենք եղել և Հայաստանի շահերը ոչ մի կերպ չի կարելի մոռացության տալ ռուս-թուրքական հարաբերությունների ընդհանուր բովում: Մեր ռազմավարական դաշնակիցն էլ պետք է մոռացության տա Թուրքիայի ամենաջերմ դաշնակցին՝ Ադրբեջանին զենք վաճառելը: Դա ուղղակիորեն հարվածում է մեր շահերին, և բոլորս էլ պետք է հասկանանք, որ Իսլամական պետություն և Թուրքիայի Հանրապետություն, այս երկու կազմավորումների միջև պետք է դնել հավասարության նշան, նրանք, ըստ էության, նույն պետությունն են, ինչ-որ ցույց տվեց այս վերջին զարգացումները:

-Դուք ասում եք, թե պետք է չափազանց զգույշ լինենք. ի՞նչ պետք է անենք, ո՞րն է մեր անելիքը:

-Պետք է չափից ավելի չոգևորվենք, ժամանակից առաջ չանցնենք և այնպիսի պարտավորություններ չվերցնենք մեզ վրա, որոնք մեր ուժերից վեր են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել