Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համակարծիք է՝ ռուս-թուրքական ճգնաժամով պայմանավորված Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այսօր հայտնվել է ծանր իրավիճակում: 

«Սա պարզ է, և ես ինքս դրա ականատեսը եղել եմ Սանկտ-Պետերբուրգում, երբ համատեղ  ասուլիս էր ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոյի և մեր պատվիրակության ղեկավարների միջև: Բոլոր պատվիրակությունները Ռուսաստանի  պառլամենտի  ղեկավարը, ես` որպես մեր պատվիրակության ղեկավար, տաջիկները, բելառուսները, Մոլդովան, շատ խիստ քննադատեցինք Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը, բայց իմ կողքը նստած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Արիֆ Ռահիմզադեն բերանը ջուր առած նստեց և որևէ բան չխոսեց», -Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա, նույնիսկ այդ մակարդակի հանդիպմանը ցույց տրվեց, որ Ադրբեջանն ընտրում է Թուրքիային, եթե ոչ բարձրաձայն, ապա լուռ: 

«Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է, որ բարձրաձայնի ՌԴ-ի դեմ գնալը կարող է շատ բացասական հետևանքներով ունենալ իր վրա և ինքը փորձում է խուսանավել, բայց կարծում եմ այսօրվա աշխարհում խուսանավելը մի քիչ դժվար է ստացվելու: Դա Ադրբեջանի խնդիրն է, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս տարածաշրջանում ամենամտերիմ գործընկերներն են և եթե ինձ ենք հարցնում՝ ես կարող եմ ասել, որ պանթուրքիզմի  և օսմանիզմի քաղաքականությունը երբեք իրենց քաղաքական օրակարգից դուրս չի եկել և եկեք չմոռանանք Հեյդար Ալիևի հետևյալ խոսքերը՝ մեկ ազգ, երկու պետություն»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց՝ պետք է  շատ լավ հասկանալ, որ մեր տարածաշրջանում ունենք երկու հակառակորդ պետություն: «Եվ բնականաբար, Թուրքիայի այս քաղաքականությունն էլ  երբեք հնարավորություն չի տալու որևէ  դերակատարում ունենալ ղարաբաղյան հիմնահարցում»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել