Կոնֆուցիոսն ասում էր` «Փոփոխությունները համատեղելի չեն միայն բարձրագույն իմաստնության և ցածրակարգ հիմարության հետ»:
Ասվածը, թեպետ, վերջին ատյանի ճշմարտություն չէ, բայցևայնպես բավականաչափ ճշմարտանման է հնչում: Եթե փորձենք սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ դիտարկել այդ խորիմաստ աֆորիզմը, մոտավորապես կունենանք դատողությունների հետևյալ շղթան: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը բարձրագույն իմաստնության դրսևորումը չէ: Թեկուզ այն պատճառով, որ հասարակության մի ստվար հատվածի համար այն ավելի շատ խնդիրներ է առաջբերում, քան դրանց լուծումներ առաջարկում: Նաև այն պատճառով, որ այնտեղ ուղղակի չկան աստվածաշնչյան ճշմարտություններ: Մյուս կողմից, գործող սահմանադրությունը որևէ պարագայում չի կարելի նույնականացնել ցածրակարգ հիմարության հետ: Թեկուզ այն պատճառով, որ այն մեր հասարակությանը չի տարել արկածախնդրության և մեզ համար չի ստեղծել փակուղային իրավիճակներ: Միաժամանակ բարձրագույն իմաստնության և ցածրակարգ հիմարության միջակայքում ընկած է ներդաշնակ զարգացում ասվածը, որն անհրաժեշտաբար ենթադրում է փոփոխություններ: Փոփոխությունները միանշանակ պահանջված են, դրանք զարգացման նոր տեսլական և հնարավորություններ նախանշելու համար պարարտ հող են ստեղծում, դրանք նոր մտածողությամբ մարդկանց և նոր գաղափարների համար ճանապարհ են հարթում: Ես այսպես եմ հասկանում դրանց իմաստն ու ԱՅՈ եմ ասում Սահմանադրական փոփոխություններին: Միաժամանակ որևէ կերպ չեմ նսեմացնում «Ոչ»-ի համոզված կողմնակիցների դիրքորոշումը… Հույս ունեմ, որ նրանք ոչ թե փոփոխություններին են դեմ, այլ հնարավոր է՝ այլ կերպ են պատկերացնում դրանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել