Tert.am-ը գրում է.
«Այո և ոչ» իրապատում շոուի հեղինակ Կարեն Քոչարյանը Tert.аm-ի հետ զրույցում ամփոփեց իրապատման 20 օրը`պատասխանելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝«ի՞նչ տվեց հաղորդումը», «ի՞նչ մշակույթ ձևավորեց», «որտե՞ղ եղան ու ի՞նչ լսեցին մասնակիցները», «ինչ հարաբերություններ հաստատեցին», «ինչո՞ւ ոմանց նյարդերը տեղի տվեցին» և այլն:
-Պարո՛ն Քոչարյան, «Այո և ոչ»-ն իր բնույթով առաջինն էր և նաև սպեցիֆիկ՝ ուղղվածությամբ, ի՞նչ լսարան ապահովեց:
-Լսարանը բավականին մեծ էր, քանի որ 20 օր ողջ հանրապետությունով մեկ քննարկվում էր պրոյեկտը, կապ չունի՝ լավ, թե վատ, որոշ մարդկանց դուր չէր գալիս, որոշներին՝ դուր էր գալիս, բայց բոլորը նայում էին։ Եվ այն, որպես հեռուստատեսային նախագիծ, կարող եմ համարել բավականին հաջողված այն առումով, որ ինչպես նախագծի մասնակիցները, այնպես էլ այն իրականացնող տեխնիկական ու ստեղծագործական անձնակազմները 20 օր շարունակ արեցին անհնարինը: Դա և՛ ֆիզիկական, և՛ մտավոր, և՛ հոգեկան առումով մեծ ծանրաբեռնվածություն էր, ես կասեի՝անգամ հյուծում: Խոր աշուն էր, որոշ դեպքերում մարդիկ հիվանդացան էլ, առողջացան էլ:
-Նախագիծը, բացի շոու լինելուց, ուներ մեկ հիմնական գործառույթ` իրազեկում սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին: Այդ իրազեկման մակարդակի մասին Ձեր գնահատականը:
-Չեմ կարող գնահատել՝ որքան, միայն կարող եմ 100 տոկոսով ասել, որ բնակչության իրազեկման մակարդակը բարձրացավ նախագծի մեկնարկից հետո:
-Այն բնակավայրերի բնակիչներից, ուր այցելել էին թիմերը, շատերը նրանց դիմավորում էին մեղադրանքով, թե ինչո՞ւ եք եկել, չե՞ք տեսնում՝ ինչպես ենք ապրում, արտագաղթ է, գյուղում տղամարդ չի մնացել, և այլն…
-Այս հաղորդումը նաև այն ֆունկցիան էր կատարում, որ մեր պետական-քաղաքական գործիչները շփվեին մարզերի բնակչության հետ և նաև հասկանային պրոբլեմները: Եվ այդ առումով էլ նախագիծը բավականին օգտակար ու հաջողված եմ համարում, որովհետև ամեն օր 10-11 ժամ շարունակ շփվել մարզերի բնակչության հետ, մտնել տներ, մշակութային օջախներ, այդ ամենը մինչ օրս չէր եղել։ Եվ ես կարծում եմ, որ սա առիթ էր, որ մեր պետական-քաղաքական գործիչներն ավելի հաճախ այցելեն մարզեր, որ լսեն խնդիրները, դարդերն ու փորձեն լուծումներ տալ: Ես գիտեմ, որ արդեն իսկ փորձում են, անում են քայլեր:
-Մասնագիտական հայացքով` որքանո՞վ էին իրապատում շոուի մասնակիցները «իրապատման մեջ»՝ իրական, բնական:
-Կարծում եմ, որ ավելի բնական չի լինում, որովհետև մարդիկ շոու չէին անում, և նախագծի հաջողություններից մեկն էլ այն էր, որ ոչ ոք շոու չէր անում, այնտեղ չկար դերասան: Մարդիկ գնացել էին, «այո»-ի կողմնակիցներն իրենց «այո»-ն էին քարոզումը «ոչ»-ինը՝ իրենց «ոչ»-ը՝ շփվելով մարզերի բնակիչների հետ:
-Իսկ, ըստ Ձեզ, կոռեկտության մե՞ջ էին մնում. եղավ պահ, որ մի մասնակիցը մյուսին ասաց` ինչ ես էշ-էշ խոսում:
-Հիմնականում կոռեկտ էին, դա էլ է բնական, թեժ պահերին անցնում էին սահմանը, բայց ասեմ, որ ի պատիվ իրենց՝ դա շատ քիչ եղավ: Եվ երկրորդ. յուրաքանչյուր մարդ ունի նյարդային համակարգ և ինչ-որ պահի կարող է ափերից դուրս գալ:
-Ըստ Ձեզ՝ «Այո» -ների և «ոչ»-երի ամենաէմոցիոնալներն ովքե՞ր էին, ամենասրախոսները:
-Իմ կողմից այդ հարցին պատասխանելը կոռեկտ չէր լինի, թող այդ գնահատականը տա հեռուստադիտողը և ընտրողը:
-Եվ ի՞նչ եք կարծում՝ 20 օր միասին գրեթե 24 ժամ անցկացնելով՝ ընկերացա՞ն «ոչ-երն ու «այո»-ները, ըստ էության՝ ընդդիմությունն ու իշխանությունը:
-Մարդկային, ներանձնային մակարդակում, իհարկե մտերմացան, որովհետև նման պայմաններում հնարավոր չէ չմտերմանալ, երբ 20 օր մեկի հետ ճանապարհ ես գնում։ Բայց դա, իհարկե, որևէ մեկին չստիպեց փոխել իր կարծիքը: «Ոչ»-երը մնացին ոչ, «այո»-ները՝ այո:
-Թիմերը եղան Հայաստանի հյուսիսում և հարավում, տարբեր բնակավայրերում, կա՞ համապատասխան վիճակագրություն՝ քանի կիլոմետր են անցել, քանի բնակավայրում են եղել:
-Առանձին վիճակագրություն չեմ հանել, կարող եմ ասել, որ եղել են բոլոր 10 մարզերի գրեթե բոլոր մեծ քաղաքներում, գյուղական հիմնական բնակավայրերում, բացառությամբ Ստեփանավանի ու ևս 1-2 քաղաքի, չեն մտել, քանի որ 20 օրում հնարավոր չէր լինել ՀՀ բոլոր կետերում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/03/qocharian-karen/1863287
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



