Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համատեղ հայտարարություն են տարածել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեսիրի համատեղ հայտարարությունը տեղադրված էԵԱՀԿ-ի կայքում: 

«Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնելու գաղափարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վերջին շրջանում գրանցված սրացման ֆոնին մենք կողմերին կոչ ենք անում վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունն ու ցրել թյուրըմբռնումը, թե իրենք լուրջ չեն խաղաղության հասնելու բանակցություններում։ Կողմերը պետք է շարունակեն 2014 թվականին Սոչիի, Ուելսի ու Փարիզի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնության տարրերի շուրջ քննարկումները ու 2016 թվականին ակտիվացնեն երկխոսությունը՝ այդ առաջարկների հիման վրա»,-հայտարարել են կողմերը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ ստատուս քվոն անկայուն է դարձել:

«Մենք հատկապես դատապարտում ենք նռնականետերի ու այլ ծանր տեխնիկայի կիրառումն ու ափսոսում ենք, որ դրանց օգտագործման հետևանքով տուժում է խաղաղ բնակչությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և անմեղ մարդկանց տառապանքն ու մահերը արդարացում չունեն: Մենք կողմերին խստագույնս կոչ ենք անում նվազեցնել լարվածությունն ու պաշտպանել մարդկանց կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում նաև կոչ է արվում ընդունել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմները:

Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ կողմերը ողջունում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ գերիների ու անհետ կորածների հարցերում տեղեկություն փոխանակելու ոլորտում գրանցած առաջընթացը: Կոչ է արվում համաձայն 2010 թվականին Աստրախանում ստորագրված համաձայնագրի ազատ արձակել բոլոր գերիներին:

ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները նշել են, թե անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև երկխոսություն տեղի ունենա՝  հարևանների միջև փոխվստահության ձևավորման համար:

«Անցած տարի մենք ականատես եղանք համանախագահների ու Մինսկի խմբի ձևաչափի դեմ մեղադրանքների: Եվս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որն ընդունել են կողմերն ու որը ձեռք է բերել ԵԱՀԿ-ի բոլոր անդամ երկրների վստահությունը:

Խաղաղ բանակցությունների անհաջողության վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ցանկացած մեղադրանք հանդիսանում է այն հիմնական տարրը, որը խանգարում է խաղաղության գործընթացին, փորձ է թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական կամք չեն դրսևորում՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ մեր ընդհանուր նպատակը տևական խաղաղության հաստատումն է և դր ահամար մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ
»,-ասված է հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել