Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հանրաքվեն իմ խորին համոզմամբ ունի ավելի խորը գնացող արմատներ, քան Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Վերարտադրությունը եթե լիներ առաջնային, ավելի հեշտ ու անցնցում ճանապարհներ կային դրա համար, օրինակ՝ Ռուսաստանի մոդելը, Պուտին-Մեդվեդև ռակիրովկաները: Չեմ կարծում, որ Հայաստանում դա անհնար կլիներ, քանի որ Սերժ Սարգսյանի շրջապատում էլ հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր մի «եթերաշրջանի» համար պատրաստ կլինեն նախագահ խաղալ ու կրկին տեղը զիջել նրան: Հիմա տեղի էն ունենում մի գործընթաց, որը, հավատացեք, ավելի վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար, քան այն, ինչ, վերը նշել եմ, ու հաստատ, եթե նա գնում է այս ռիսկին, ուրեմն այլ հարցեր ու խնդիրներ նույնպես կան: Ասեմ, թե ինչումն է ռիսկը կայանում: Նոր Սահմանադրությամբ միանձնյա կառավարումը դառնում է անցյալ (համենայն դեպս, սևով սպիտակի վրա դա է գրած), բնականաբար՝ սա միայն թղթին, բայց հնարավոր է, ավելի շուտ համոզված եմ, որ սա ներիշխանական մեծ գզվրտոցի պատճառ է դառնալու, ու սեփական ամբիցիաները շատերը ջրի երես կհանեն և հենց իշխանության ներսում կձևավորվեն կոալիցիաներ, ու իշխանական ճամբարը կպառակտվի, կկոնսոլիդացվի ինչ-որ իշխանիկների շուրջ: Սա կթուլացնի Սերժ Սարգսյանի դիրքերը՝ անկախ ամեն ինչից, ու ինձ թվում է՝ նա հաշվի է առել այս ռիսկը: Եթե անզեն աչքով երևացող այս լուրջ ազդեցության թուլացման հեռանկարը տեսնելով՝ գնում է այդ քայլին, ուրեմն թույլ տվեք չհավատալ մինչ այս հնչած ու առաջ տարած պնդմանը, թե միայն վերարտադրության հարց է:
Կարելի է շատ տարբերակներ մտածել ու քննարկել, բայց ցավով ուզում եմ նշել, որ Վենետիկյան հանձնաժողովի հոգատարությունն ու Ռուսաստանի լուռ համաձայնությունն ինձ ստիպում են մտածել, որ ինչ-որ աշխարհաքաղաքական խաղի մի օղակն է այս գործընթացը, օրինակ` Արցախի ազատագրված տարածքների վերադարձը, որն արդեն կարվի ոչ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ, այլ իշխող կուսակցության վրա կընկնի ողջ պատասխանատվությունը: Քավ լիցի, սա միայն իմ մտավախությունն է, բայց եթե մի քիչ խորանաք, միգուցե դուք էլ դրան հանգեք: Հուսամ՝ ես սխալվում եմ, ու սա միայն ենթադրություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1056692657703898
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել