Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ երբեմն պնդումներ են արվում, թե իբր Սահմանադրության նոր նախագիծը մարդու սահմանադրական իրավունքների ամրագրման հարցում հետընթաց է արձանագրում գործող Սահմանադրության համեմատ:Սակայն նկատենք, որ նախագիծը ոչ միայն ոչ մի հետընթաց չի արձանագրում, այլև հետևողականորեն ուժեղացնում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները:
Անդրադառնալով գործող Սահմանադրության մեջ առկա խոսքի և կարծիքի ազատությանը վերաբերող դրույթներին՝ նշենք, որ գործող Սահմանադրությունն արտահայտման ազատությունն ամրագրելու հարցում օգտագործվում է երկու եզրույթ` կարծիքն ազատ արտահայտելու իրավունք և խոսքի ազատության իրավունք: Նախագծի 42-րդ հոդվածն օգտագործում է միայն «կարծիքի արտահայտման ազատություն» եզրույթը՝ դրա բովանդակության մեջ ներառելով իր կարծիքն ազատ արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը, այդ թվում` սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Այսինքն՝ տարբերությունը միայն եզրույթների մեջ է, որից իրավունքի բովանդակության ծավալը ոչ միայն չի փոխվում, այլև ավելի է հստակեցվում:
Հարկ է նշել, որ ցանկացած խոսքի ազատության հիմքում ընկած է հենց կարծիքի արտահայտման ազատությունը: Բացի այդ, Եվրոպական կոնվենցիայի թարգմանություններում օգտագործվում են միայն կարծիքի արտահայտման կամ պարզապես «արտահայտման ազատություն» եզրույթները, բայց ոչ «խոսքի ազատություն» եզրույթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1660616680848317&id=100007000035735&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



