21-րդ դարում, թվում է, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի, թե ինչ է կատարվում աշխահում, և ինչ աշխարհաքաղաքական շահեր են բախվում ամենուր: Սակայն թվացյալ պարզության քողի տակ քողարկվում են իրական դրդապատճառներն ու խարդավանքները: Ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները դրա վառ ապացույցն են: Թուրքիան վաղուց էր հասկացել, որ կարող է օգտագործվել որպես գործիք ռուսական ուժի դեմ արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից, և այսօր պետք է կամ լավ ծառայի, կամ ընդհանրապես լիկվիդացվի: Թուրքիան այն պետությունն էր, որ երկու աշխարհամարտերի դեպքում էլ ակնհայտորեն այսպես ասած «չարիքի» կողմնակից էր, բայց իրականում ոչ թե կողմնակից, այլ պարզապես մի գործիք, որը կարող էր գործի դրվել անհրաժեշտության դեպքում: Իսկ գործիք դառնալու համար պետք էր մեկ ընդհանուր գաղափարախոսություն տալ թուրքերին՝ այն նկրտումներով, որ կարող է իր շուրջը համախմբել ողջ թյուրքական ցեղերին ու պետություններին՝ այդ կերպ դառնալով համաշխարհային տերություն: Պանթուրքիզմի գաղափարախոսությունը ներդրվեց Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից դեռևս Ռուսական կայսրության առաջխաղացման դեմ կանգնելու համար: Միայն հետագայում՝ արդեն 19-րդ դարի կեսերին, պանթուրքիզմը դարձավ Թուրքիայի արտաքին քաղաքականության մի մասը, և թեպետ ժամանակ առ ժամանակ պանթուրքական նկրտումները որոշ ժամանակով իջնում են խորը տիրույթներ, բայց գլուխ են բարձրացնում հարկ եղած դեպքում: Պատմությունից կրկին վերհիշելով Թուրքիայի պատմության մութ էջերը՝ պետք է փաստել, որ Թուրքիան մեկընդմիշտ եղել է արևմտամետ, թեպետ հարկ եղած դեպքում օգտվել է առիթից ու «բարեկամացել» Ռուսաստանի, հետո ԽՍՀՄ-ի հետ և ամեն անգամ առավելագույնս վարձատրվել: Հիշենք պարզապես այն պատմական անցուդարձը, երբ նոր ձևավորված Խորհրդային միությունը Թուրքիային դիտարկում էր որպես միջնորդ պետություն մահմեդական աշխարհում սոցիալիզմի տարածման հարցում: Արդյունքում տուժեցինք մենք՝ հայերս, երբ մի շարք ստորացուցիչ պայմանագրերով Արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը տրվեցին Թուրքիային: Վերադառնանք Արևմուտքի քաղաքական նկրտումներին և Թուրքիային որպես գործիք օգտագործելուն: Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմավորումից հետո անմիջապես ընդգրվեց այս կառույցում՝ դառնալով ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունն իր սպառազինությամբ: Եվ սա կարևոր հաղթաթուղթ էր Արևմուտքի ձեռքում ԽՍՀՄ-ի հենց քթի տակ: Թուրքիան դարձավ կատարյալ գործիք, իսկ ԱՄՆ-ն սիրում է օգտագործել գործիքներ թշնամու դեմ, իսկ երբ այդ գործիքն այլևս ի վիճակի չի լինում ծառայելու, պարզապես լիկվիդացվում է, այն էլ արդեն հենց իր թշնամու ձեռքով: Արդյունքում բոլոր դեպքերում էլ ինքը վնաս չի կրում:
Ներկայիս հակաահաբեկչական պայքարը վառ օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ-ն ողջ աշխարհը կառավարելի դարձնում իր իսկ ստեղծած քաոսի արդյունքում: ԱՄՆ-ի քաղաքականությունը կարելի է բնորոշել հետևյալ կերպ. միայն քաոս ստեղծելով կարող ես կառավարելի դարձնել այն ամենը, ինչն առանց քաոսի չես կարող... Այսօր Սիրիայում նույն իրավիճակն է: Ո՞վ ստեղծեց Իսլամական պետությունը, ո՞վ էր Աֆղանստանում հովանավորում Բեն Լադենին և այլ նման հարցեր: Հիմա, երբ ԻՊ-ը գրեթե անվերահսկելի է դարձել, պետք է ոչնչանա, բայց հո չի՞ կարող ինքն իր ձեռքով ոչնչացնել այն: Դրա համար կա Ռուսաստան, թող ներքաշվի պատերազմի մեջ, իսկ ինքն արդյունքում ձեռքերը կլվանա ու մի նոր պատերազմական օջախ կստեղծի: Կգա օրը, որ Թուրքիան ևս հետաքրքիր չի լինի, ու այդ դեպքում կօգտագործվի քրդական գործոնը: Քրդական գործոնն իսկական ատոմային ռումբ է, որը թաքնված է հենց Թուրքիայի ներսում: Այն ակտիվացնելու կոճակը կարող են սեղմել և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը հարկ եղած դեպքում: Դատելով այս օրերի ռուս-թուրքական հեռահար հակամարտությունից՝ Թուրքիան կարող է առավել արագորեն սպառվել իրեն որպես հավատարիմ գործիք թե՛ Արևմուտքի համար, թե՛ Ռուսաստանի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208460333809958
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել