Բարդ կացության մեջ է հայտնվել ՀԱԿ առաջնորդը, հատկապես Ծառուկյանի չառաջադրվելու ու գաղտնալսման պատմությունից հետո։ Հիմա ողջ հասարակությունն ու քաղաքական էլիտան սևեռել է ուշադրությունը ՀԱԿ-ի վրա ու հատկապես ամսի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի վրա, որի ժամանակ էլ պարզ կդառնա ինչպես այն, թե ո՞վ կառաջադրվի Կոնգրեսից ու կառաջադրվի՞ արդյոք, այնպես էլ ՀԱԿ-ի՝ որպես ՀԱԿ լինել-չլինելու հարցը։
Մի բան սակայն ակնհայտ է՝ միակ բանը, որ կարող է ՀԱԿ-ը ետ պահել կազմաքանդումից, դա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է՝ որպես նախագահի թեկնածու և Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդ։ Հակառակ դեպքում, համարյա միանշանակորեն կարելի է պնդել, որ ՀԱԿ-ը էլի մի քանի բեկորների կբաժանվի, իսկ դրա ամենածայրահեղական հատվածը՝ Փաշինյանի ու Բագրատյանի գլխավորությամբ նորից դուրս կթափվի փողոց, որովհետև ակնհայտ է, որ չնայած լռությանը՝ Զուրաբյանին էլ ոչ ոք լուրջ չի ընդունում, համենայն դեպս այնքան լուրջ, որպեսզի նա ընկալվի Լևոն Տեր-Պետրոսյանի գահաժառանգ։
Սակայն խնդիրը նրանում է, թե կցանկանա՞ արդյոք Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ պարտվել Սերժ Սարգսյանին և այդ կերպով վերջնական վերջակետ դնել իր քաղաքական, ինչպես նաև պատմական կարիերայի վրա։ Ի՞նչ խոսք, Սերժի համար խիստ ցանկալի է Լևոնի մասնակցությունը, որովհետև այս պահի դրությամբ իրոք խայտառակություն է թեկնածուների առումով, իսկ Լևոնը արժանի հակառակորդ է, իսկ այ Լևոնի համար շատ մտորելու բաներ կան, մասնավորապես՝ ինչպե՞ս կարողանալ ադեկվատ վիճակում պահել ՀԱԿ-ի ռադիկալ թևին, զսպել նրան և միևնույն ժամանակ ապահովել գոնե ձևական միասնական թիմի կերպարը «գծի մեջ» գտնվողների հետ։
Կից նյութն`այստեղ