Ուշադրությամբ ընթերցում եմ բոլոր այն նյութերը, թե ինչպես են ավարտվել Թուրքիա-ԵՄ երեկվա քննարկումները Բրյուսելում, ու մի պատմություն հիշեցի:

Նիքսոնը Քիսինջերի հետ քննարկում էր ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ի քայլերը: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի սենյակում էր գտնվում նաև նախագահի շունը, որը կրծում էր գորգը: Նիքսոնը մի քանի անգամ դիտողություն է անում շանը, բայց շունն արհամարհում է: Այդ ժամանակ Նիքսոնը վերցնում է սեղանին դրված քաղցրաբլիթը և նետում շանը: Հենց այդ րոպեին Քիսինջերը դիմում է Նիքսոնին և, համեմատություն անելով, ասում հետևյալը. «Պարոն Նախագահ, Դուք հենց նոր պարգևատրեցիք Ձեր շանը, և նա շարունակելու է կրծել գորգը: Դա հենց այն սխալն է, որ մենք թույլ ենք տալիս Մերձավոր Արևելքում. մենք ուզում ենք, որպեսզի մեր գործընկերներից մի քանիսը չանեն այնպիսի գործողություններ, որոնք հակասում են մեր ազգային շահերին, սակայն միևնույն ժամանակ ինքներս խրախուսում ենք նրանց այդպիսի վարքը»:

Տեսնես էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որպեսզի ԵՄ-ն դադարեցնի իր «քաղցրաբլիթային» քաղաքականությունը և գիտակցի, որ Թուրքիան միայն հասկանում է պատժիչ քայլերը և ճնշումը: Հուսամ, որ ԵՄ-ում կհասկանան, օրինակ, որ իրենց որոշումներով նաև ազդակ են ուղարկում այլ երկրներին: Երբ այդքան լրագրողների ձերբակալություններից հետո Թուրքիային տրամադրվում է վիզաների ազատականացման հնարավորություն, երբ նավթային թրաֆիքինգ անելու համար այն ոչ թե տնտեսապես պատժվում է, այլ խրախուսվում անդամակցության արագ բանակցային գործընթացով, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան չի փոխվելու:

Իրոք, տեսնես էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան կամ ինչի՞ն պիտի նպաստի, որպեսզի ԵՄ-ն դադարեցնի իր «քաղցրաբլիթային» քաղաքականությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել