Tert.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում գտնվող «Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցներից «այո»-ի կողմնակից, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ սահմանադրության փոփոխությունը ընդդիմության և իշխանության պայքար չէ, երկրում բազմաթիվ խնդիրներ կան ու պատմական անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել երկրում:
««Ոչ»-ի կողմնակիցներից շատ մարդիկ կան, որ ասում են՝ նոր սահմանադրությունը լավն է, բայց չեն հավատում, որ այն ամբողջությամբ կիրականացվի իշխանության կողմից: Կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց թշնամություն չպետք է առաջանա, նույնիսկ «ոչ» ասողները տարբեր ձևով են մտածում, ու տարբեր բաների համար են «ոչ» ասում: Չի կարող լինել մի փաստաթուղթ, որը 100%-ով բոլորին կգոհացնի»,-ասաց նա:
Արմեն Մկրտչյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն դեռ 1990-ականներից էր պնդում՝ ՀՀ-ն պետք է լինի խորհրդարանական կառավարման երկիր:
Նորաշենցիները դժգոհեցին, որ իրենց բացատրությունից ոչինչ չեն հասկանում, որովհետև հնչում են հոդվածների անուններ, որոնցից իրենք տեղյակ չեն: Նրանք բոլորին հորդորեցին խոսել ժողովրդի համար ավելի մատչելի լեզվով:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը տարօրինակ է, որովհետև չունի որևէ երաշխիք:
«Ներկայացվում է որպես առավելություն համամասնական ընտրակարգը, և մեծամասնականի վերացումը: Բայց այդ նույն օլիգարխները, որոնք ընտրվում էին մեծամասնական ընտրակարգով և իշխանությանը ապահովում էին ձայներ, ընդգրկվելու են համամասնական ցուցակում և էլի ապահովեն ձայներ: Այսինքն՝ իրականում այստեղ էլ ոչինչ չի փոխվելու»,-ասաց նա:
Արմեն Մկրտչյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ավելացնում են մարդու իշխանությունը ընտրելու իրավունքը, իսկ Հայաստանում՝ կրճատում են:



