Tert.am-ը գրում է.
Մոսկվայում 89 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ու սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով նրա թոռանը` Դմիտրի Տրոյանովսկուն։
«Նա այլևս չկա»,- ասել է Տրոյանովսկին:
Վերջին տարվա ընթացքում Ռյազանովը բազմիցս հոսպիտալացվել է: Նախորդ տարվա նոյեմբերին ռեժիսորը հոսպիտալացվել է ծանր վիճակում, որտեղից դուրս է գրվել 2015թ. հունվարին:
2015թ. օգոստոսին նա տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվել էր, թե նրա մոտ ուղեղի կաթված է, սակայն բարեկամները հերքել էին այդ տեղեկությունը: Նոյեմբերի 21-ին հաղորդագրություն էր ստացվել, որ Ռյազանովին կրկին հոսպիտալացրել են հետազոտության համար մոսկովյան կլինիկաներից մեկը:
Էլդար Ռյազանովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, ռուս և խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, պրոդյուսեր: Նա այնպիսի ֆիլմերի հեղինակ էր, ինչպես «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և շատ այլ ֆիլմեր:







