Tert.am-ը գրում է.

Մոսկվան նավթային բիզնեսում Թուրքիայի նախագահի որդու շահագրգռվածության մասին տեղեկություն ունի։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պեսկովն այդ մասին ասել է Սերգեյ Բրիլյովի «Вести в субботу» հաղորդման ժամանակ։

«Ես մեջբերում եմ մեր նախագահի խոսքերը։ Իսկապես որոշակի տեղեկություն կա, որոշակի շահագրգռվածություն կա»,- ասել է նա։

Խոսնակը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարության նոր կազմում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էրդողանի փեսան։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հերքել էր լուրերը, թե «Իսլամական պետություն» խմբավորումից երկիրը նավթ է գնում։ 

Սակայն Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ թուրքական F16 կործանիչները նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռը խոցել են ի պատասխան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից Սիրիայից Թուրքիա ուղևորվող հարյուրավոր նավթատարների ոչնչացման։ Նա ասել էր, որ ողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու նավթային ընկերությունը։

«Ողջ նավթը մատակարարվում էր ընկերությանը, որը պատկանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն։ Այդ պատճառով Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի ենթակառուցվածքներին և ոչնչացրեց նավթ տեղափոխող ավելի քան 500 բեռնատար: Դա ազդեց Էրդողանի նյարդերի և նրա ընկերության վրա: Նրանք ոչ միայն նավթ են արտահանում, այլև հացահատիկ և պատմական արժեքներ»,- հայտարարել էր նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել