Վերջին օրերին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց հնարավոր հետևանքները բազմաթիվ քննարկումների առիթ են հանդիսացել: Քանի որ միջազգային քաղաքականության մասնագետ չեմ, ինձ թույլ չեմ տա խոսել ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից առաջացող քաղաքական էֆեկտների մասին, այլ կանդրադառնամ գյուղատնտեսության տեսանկյունից կատարվող իրադարձություններին:
Բոլորս գիտենք, որ ռուսական շուկան մի հսկա սպառման գոտի է, որտեղ ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ, այնպես էլ Թուրքիան ունի իր մասնաբաժինը: Վերջին օրերի իրադարձություններից հետո Ռուսաստանն ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառելու է քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ, որոնց թվին է պատկանում նաև ապրանքների ներկրման սահմանափակումն ու արգելումը:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ վերը նշվածը նպաստավոր պայմաններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման, ինչու չէ, նաև դրանց տարատեսակների ավելացման համար: Այս ամենի կարևորությունան մասին փաստում են նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը: ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ամենամեծ ծավալներով արտահանումն իրականացնող կազմակերպության հետ, ինչպես նաև պլանավորվում են հանդիպումներ ներքին արտահանող կազմակերպությունների հետ:
Ինչևէ, հուսանք, որ բանակցությունների արդյունքում կստեղծվեն նոր հնարավորություններ դեպի ռուսական շուկա՝ էլ ավելի մեծ քանակով գյուղմթերք արտահանելու համար: