Tert.am-ը գրում է.
ՀՀ-ի օդային սահմանը խախտած թուրքական ռազմական ուղղաթիռների կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի գրավոր հարցին գրավոր պատասխան չի տրվել ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի կողմից. այս մասին Tert.am-ին ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Թևան Պողոսյանը ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հարց է ուղղել, թե արդյոք ՆԱՏՕ-ն որևէ կապ ունի այդ գործընթացի հետ: Ոտքի վրա տրված այդ հարցին Ստոլտենբերգը արձագանքել է զարմանքով՝ ասելով, թե տեղյակ չէ այդ մասին և որ պետք է գրավոր դիմել:
«Իր անունից գրավոր պատասխան չեմ ստացել, բայց քանի որ դրանից հետո այստեղ ՆԱՏՕ-ի շաբաթ էր, մի քննարկմանը ես էլի եմ հարցը բարձրացնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների առջև։ Ընդհանուր պատասխանն իրենց այն է, որ բնականաբար որևէ առնչություն չունեն, դա տեխնիկական խնդիր է: Բայց միաժամանակ նրանք հատուկ չեն փորձում ուշադրություն սևեռել, քանի որ Թուրքիան իրենց անդամն է և այլն: Այնպես որ ՆԱՏՕ-ն դրա հետ որևէ կապ չուներ և դա թուրքական նախաձեռնության խնդիր է եղել»,-ասաց նա:
Պատգամավորը դժվարությամբ է հավատում, որ ՆԱՏՕ-ն կփորձեր այդ հարցին անդրադարձ կատարել:
«Բայց դրանով կպահպանեն իրենց գործընկերային հարաբերությունները, որ մտնում են մեկ կոլեկտիվ պաշտպանական համակարգի մեջ, հստակ բացատրելով, որ որևէ առնչություն դրա հետ չունեն»,-ասաց նա:
Իսկ թե ինչու Թուրքիային կարելի է հայկական օդային տարածքը խախտել, բայց նման դեպքում խոցել ռուսական ինքնաթիռը, Թևան Պողոսյանը հստակեցրեց, որ ՆԱՏՕ-ն որևէ պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ թողնելով Թուրքիային երկկողմ հարաբերություններում հարցը կարգավորել ՌԴ-ի հետ:
«Հակառակը՝ իրենք միշտ ասում են, որ սահմանները չպետք է խախտել: Բայց, իհարկե, մեկ բան կա, որ իրենք սիրում են իրենց գործընկների համար համապատասխան հայտարարություն անել, ինչը դրական է ցանկացած նման կազմակերպության համար։ Ես, օրինակ, շատ ուրախ կլինեի, որ ՀԱՊԿ-ը այն ժամանակ հայտարարություն աներ, որ ՀՀ-ի սահմանը չի կարելի խախտել, ի վերջո մեկ պաշտպանական համակարգում են գտնվում»,-ասաց նա:



