21-ամյա երիտասարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նրան տեղափոխողը հայտարարում է, որ մեղավորը եղել է Ջիպ մակնիշի ավտոմեքենան. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Հ. Զաքարյանը գիտակցության չգալով մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի վարորդ Ս. Եսոյանը հիվանդանոցում և դեպքի վայրում ոստիկաններին հայտարարում էր, որ ինքը հետիոտնին վրաերթի չի ենթարկել, այլ իր ավտոմեքենային է բախվել ջիպանման ավտոմեքենա, որը մինչ այդ վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի պատճառով հետիոտնը շպրտվել է իր մեքենայի վրա, իսկ Ջիպի վարորդը դիմել է փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն աշխատում էր «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ որպես բանվոր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքին մասնակից այլ ավտոմեքենայի մասին Opel-ի վարորդ Մ. Եսոյանի հայտնած տեղեկությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել