Այսօր Բաքվին հարակից Նարդարան ավանում Ադրբեջանի ոստիկանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել արմատական շիադավան «Մուսուլանական միասնություն շարժում» կազմակերպության ղեկավարների դեմ՝ ներխուժելով այն տունը, որտեղ վերջիններս հավաքված են եղել: Համաձայն ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ կազմակերպության անդամները զինված են եղել ու լուրջ դիմադրություն են ցույց տվել՝ կրակելով ինքնաձիգներով ու ոստիկանների ուղղությամբ նետելով ձեռքի նռնակ. արդյունքում սպանվել է կազմակերպության 4 անդամ և 2 ոստիկան։ Շարժման անդամներից 14-ը ձերբակալվել են: Վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել` պետական հեղաշրջման և երկրում իսլամական կարգեր հաստատելու փորձի մեղադրանքով:
Այժմ դեպքի վայրում հավաքված են մեծ թվով հավատացյալներ, այդ թվում նաև կանայք, որոնք զինված են երկաթյա ձողերով և բռնկվող նյութերով շշերով («Մոլոտովի կոկտեյլներ»): Հավաքվածները փակել են ավան տանող ճանապարը և նույնիսկ լրագրողներին թույլ չեն տալիս տեղից աշխատել և լուսաբանել դրությունը։
Այս իրադարձությունների համատեքստում հետաքրքիր է նաև Ադրբեջանի հասարակության կարծիքը դեպքի մասին։ Քաղաքացիների՝ համացանցում կատարած գրառումներից կարելի է հասկանալ, որ հանրության մեծ մասն այս ամենի մեջ մեղադրում է Իրանին և կարծում է, որ դեպքերը տեղի են ունենում հենց Թեհրանի հրահրմամբ ու աջակցությամբ։ Կարևոր է նշել, որ «Մուսուլանական միասնություն շարժում» կազմակերպության ղեկավար Հաջի Թալեհ Բաղըրզադեն հոգևոր կրթություն է ստացել Իրանում, ապա Իրաքում, որտեղից, սակայն, կրթությունը կիսատ թողնելով, վերադարձել է Բաքու ու սկսել կրոնական քարոզներ իրականացնել Ադրբեջանի տարբեր վայրերում։
Կարծում եմ՝ Ադրբեջանի ոստիկանական ուժերը, հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, շուտով կցրեն բողոքի ակցիան, սակայն արմատական մուսուլմանների բողոքի երթերն ու գործունեությունը կշարունակվեն:
Այս պահի դրությամբ նրանց պահանջը ձերբակալվածների ազատ արձակումն է։