Ռուս-թուրքական պատմության դասերը կարծես մենք այնքան էլ լավ չենք սերտել: Հիմա էլ մեր հասարակության ռուսասեր զանգվածը ցնծում է Ժիրինովսկու կոչերից, թե բերեք օգնենք հայերին ազատագրել իրենց արևմտյան տարածքները: Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել էր, թե Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել այլոց ձեռքերով: «Հայերն ատում են թուրքերին, և եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, ապա հայերը սիրով դա կանեն: Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին…»,-ասել էր Ժիրինովսկին: Հարցն այստեղ, իհարկե, գաղափարը չէ. այո, մենք պետք է ազատագրենք մեր արևմտյան տարածքները, սակայն դա անելու համար մեր հայրենակիցներին պետք է ոգեշնչի ոչ թե էքսցենտրիկ մի ռուս քաղաքական գործիչ, որի խոսքերին, ի դեպ, Ռուսաստանում էլ լուրջ չեն վերաբերում, այլ դա պետք է ընկած լինի մեր ազգային տեսլականի հիմքում: Խոսքն ամենևին այլ բանի մասին է. հասարակության մի ստվար զանգված, փաստորեն, այն աստիճանի ոչ ադեկվատ է իրականության հանդեպ, որ անգամ ազգային արժանապատվության զգացողությունն է կորցրել: Իսկապե՞ս կարելի է ոգևորվել ու ծափահարել մի հայտարարության, որտեղ այլ ազգի ներկայացուցիչն ասում է, որ իրենց հարցերը պիտի լուծեն քո միջոցով: Ավելի ստորացուցիչ ու վիրավորական բան ուղղակի պատկերացնել հնարավոր չէ: Ժիրինովսկու հայ ֆանատներին հաստատ արժե հիշեցնել, թե ինչպես սույն ռուս գործիչը հիստերիա բարձրացրեց պետդումայում հենց այս տարվա ապրիլի 24-ին, երբ պետդումայի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ իրենց ցավակցությունը հայտնելով եղբայր հայ ժողովրդին 100 տարի առաջ Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելու համար: Այս հայտարարությունն այն կարգի դուր չէր եկել Ժիրինովսկուն, որ վերջինս կոշտ քննադատության ենթարկեց այն՝ Ուկրաինայի օրինակով հիշեցնելով, որ եղբայր ժողովուրդներ ու եղբայր պետություններ չեն լինում: Ավելին՝ Ժիրինովսկին նաև հայտարարեց, որ 1991-ին ամենից շատ ռուսների վտարել են հենց Հայաստանից, ու հիմա ամենուր ռուսներ կան, իսկ Հայաստանում` ոչ… «Ես վստահ չեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենայինք, եթե չլինեին հարևանների կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները: Տեղափոխեք Հայաստանը Ֆինլանդիայի կողմ, և այնտեղ կլինեն կոշտ հակառուսական տրամադրություններ: Ուստի, այստեղ հարցն աշխարհագրության մեջ է, ոչ թե այն բանում, թե ով ում եղբայրն է»,-ասել էր Ժիրինովսկին: Այնպես որ, Ժիրինովսկու ասածից էյֆորիայի մեջ հայտնված սիրելի հայրենակիցներ, արթնացեք ու Ժիրինովսկու խոսքերն էլ լավ հիշեք՝ հարցն աշխարհագրության մեջ է, ոչ թե այն բանում, թե ով ում եղբայրն է: Այսօրվա աշխարհաքաղաքական վերադասավորումներում, ընդհակառակը, առավել, քան երբեք, պետք է ռուսների հետ հարաբերություններում զգոն լինել: Իսկ եթե ռուսներն իսկապես մեր լավն են ցանկանում, ապա թող ոչ թե օգնեն արևմտյան տարածքներն ազատագրել, այլ թող օգնեն լուծել Ղարաբաղյան հարցը կամ գոնե չխոչընդոտեն դրա լուծմանը, Ադրբեջանին էլ զենք քիչ վաճառեն:
Կից նյութն՝ այստեղ