Երեկ տեղի ունեցած հատուկ գործողությունների ֆեյսբուքյան արձագանքները, մեղմ ասած, տարակուսելի են: Չանդրադառնալով նրան, որ երեկվանից «ֆեյսբուքահայության» մի զգալի հատված միանգամից վերափոխվել է «քրեագետների», «անվտանգության էքսպերտների», «դատաբժիշկների» և տարատեսակ դավադրությունների տեսության մոլի երկրպագուների, մի քանի դիտարկում եմ ցանկանում անել:
1. Նախ՝ շատ զարմանալի է, որ զինված մարդկանց արդարացնելու միտում կա՝ անկախ նրանից՝ նրանք ինչ նպատակներով էին ձեռք բերել այդ զենքը, կամ արդյո՞ք այդ զենքը նրանց էր պատկանում, թե՝ ոչ: 
2. «Իշխանություններն են բեմադրել»
Այս թեզը, թերևս, ամենատարածվածն է, բայց դա հետևանք է իշխանությունների հանդեպ քաղաքացիների ունեցած անվստահության և որոշ դեպքերում ատելության աստիճանի: Ցավալին այն է, որ նույնիսկ այս թեզի հետևորդները չեն կարողանում տարանջատել իշխանություն և պետություն եզրույթները: Անկախ նրանից, թե այդ դեպքն իշխանություններն են բեմադրել, կամ իրոք այդ խումբը գործել է, գոյություն ունի մեկ տրիվիալ փաստ՝ ցանկացած պարագայում երեկվա տեղի ունեցածը սպառնալիք էր՝ ուղղված ՀՀ-ին: Այն քաղաքացին/ները (իշխանական թե ընդդիմադիր), ով/ովքեր իշխանությունների նկատմամբ ունեցած ատելության պատճառով կարող են արդարացնել պետության ներսում զինված խմբի առկայությունը, մեղմ ասած, հակադրվում են մեր պետության շահերին և առանց վարանելու թքում են գործող սահմանադրության վրա: 
3. Եթե նույնիսկ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ համարելու, որ երեկվա կատարվածն իշխանությունների կողմից արված բլեֆ է, ապա այդ պարագայում ևս պետք է փաստել, որ դա հանցագործություն է՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այսինքն՝ իշխանությունները նմանատիպ բեմադրությամբ ուղղակիորեն թքել են մեր պետական շահերի վրա:
4. Այլ հարց է, որ քննարկվում է՝ ում է ձեռնտու ստեղծված իրավիճակը, բայց անկախ որոշ մարդկանց անկոտրուն համառությունից՝ այս պարագայում էլ է ամեն ինչ տրիվիալ. երեկվա բացահայտվածը նախևառաջ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:
5. Ցավալիորեն պետք է արձանագրել, որ երեկվանից սկսված քննարկումներն իրենց բնույթով, մեղմ ասած, անլուրջ են բոլոր տեսանկյուններից: Կան մարդիկ, ովքեր քաղաքական սատիրայի միջոցով են արտահայտվում, կան մարդիկ, ովքեր շատ կոնկրետ «փաստերով» խոսում են քրեագետի, անվտանգության ոլորտի անկրկնելի մասնագետի դիրքերից, բայց ամենացավալին այն է, երբ այդ խոսակցությունների գերակշիռ մեծամասնության բովանդակության մեջ գերակշռում են ատելությունն ու զինված մարդկանց (կամ զենք-զինամթերք ձեռք բերած մարդկանց) արդարացնելու տարատեսակ փորձերը: 
Հ.Գ. Ես գիտեի, որ քաղաքական և քաղաքացիական շրջանակներում մարդիկ կան, ովքեր հեղափոխական սցենարի կողմնակից են (ի դեպ, ինձ համար նմանատիպ սցենարն ուղղակի անընդունելի է, և չնայած նրան, որ փայլուն տիրապետում եմ բազմաթիվ հաջողված հեղափոխությունների ժամանակագրությանը, դեպքերի զարգացման հաջորդականությանն ու գործող անհատներին, միևնույն է՝ այդ թեման ինձ համար փակված է), նույնիսկ մարդիկ կան, ովքեր նաիրիհունանյաններին հերոս են համարում, բայց որ մարդկանց մի զգալի շրջանակներին իշխանության հանդեպ ունեցած ատելությունը կարող էր այսքան կուրացնել, չէի հավատում, որ հնարավոր է: 
Հ.Գ.2 Ավելի քան վստահ եմ, որ հենց նմանատիպ մոլագարային կուրությունն է նաև այն բազմաթիվ պատճառներից մեկը, որ մեր երկրում քաղաքական պրագմատիզմն արդեն վաղուց «կեղծ կատեգորիա» է, իսկ տարատեսակ բեսեդկի մակարդակի խոսակցություններն ու գրոշի արժեք չունեցող խոստումները՝ Ազատության հրապարակի հարթակի անբաժանելի մասնիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել